ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ. heh.am
Advertisement 1000 x 90

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ. heh.am

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

• սահմանամերձ համայնքների ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),

• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,

• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։

Յուրաքանչյուր հայտատուի փաստաթղթերում պետք է ներառվեն.

ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն,

բ/ տեղեկանք հայտատուի տարածաշրջանի սոցիալական ապահովության մարմինների կողմից,

գ/ ստուգման գրքույկի պատճենը, հաստատված դեկանի կողմից,

դ/ ուսխորհրդի կամ ուսումնական խորհրդարանի կողմից տրված բնութագիր ուսանողի հասարակական ակտիվության մասին / ուսխորհրդի նախագահի ստորագրությամբ/

ե/ դեկանատի կողմից տրված առաջադիմության թերթիկի պատճենը,

զ/սահմանամերձ համայնքի ուսանող հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ նաև ատեստատի և/կամ վկայականի պատճենը,

է/ լրացված հայտը և դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):