«Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ ՊՆ այսօրվա հաղորդագրության), բոլորը 18-19 տարեկան երեխաներ, որ չէին հասցրել կյանք տեսնել։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվում, դասեր չենք քաղում, չենք համախմբվում, վճռական որոշումներ չենք կայացնում, տղերքին չենք ափսոսում։ Բավական է: Ժամանակն է իրապես գործել, սա այլևս անթույլատրելի է։
Ասել եմ, ասում եմ ու կասեմ` պետք է համախմբվել ու պահանջել՝ անհրաժեշտ է մոբիլիզացում, հնարավոր ամբողջ ներուժի համախմբում։ 18-19 տարեկան երեխաներն այլևս չպիտի լինեն առաջնագծում, նրանց ժամ առաջ պետք է փոխարինեն պայմանագրային զինծառայողները, այլապես մենք մի ամբողջ սերունդ կկորցնենք` դրա իրավունքը չունենք:
Դեռ երկար կարող եմ թվարկել, թե էլ ինչ է պետք անել, բայց բոլորս էլ ամեն ինչ շատ լավ գիտենք, ժամանակն է սկսել գործել ու սկսել նշածս կետից, այլապես այս մղձավանջը մի օր կավարտվի մեզ համար այլևս անդառնալի` պատմական հետևանքներով»։