Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով՝ պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և այլնի միջոցով։
Մայրության նպաստ՝ ո՞ւմ և ի՞նչ չափով է տրամադրվում
Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:
Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:
Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է 156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ վճարման ընթացակարգն ու չափը
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 300,000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,000,000 դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված՝ 1,500,000 դրամ։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ) ներկայացվել են նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը)։
Քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։
Ամսական 50,000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ իրականացվում է նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։
2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքն ստանում է ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները ծնվել են 2022 թ․ հունվարի 1-ից հետո։
Դրամական աջակցությունը նշանակվում է, եթե՝
աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։ Ընդ որում, զույգ կամ միաժամանակ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում դրամական աջակցություն՝ նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության դեպքում դրամական աջակցություն է նշանակվում արդեն նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն՝ ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100,000 դրամ։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ նշանակման և վճարման ընթացակարգը
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝
խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,
դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:
Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ․ հուլիսի 1-ին և հետո, ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։
Գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝
երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:
Գյուղաբնակ, վարձու աշխատող հանդիսացող և խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ստանում է խնամքի նպաստ՝ և՛ որպես վարձու աշխատող, և՛ որպես գյուղաբնակ։ Ըստ այդմ՝ գյուղաբնակ վարձու աշխատողին ամսական տրամադրվում է 57, 200 դրամ խնամքի նպաստ։
Նշված նպաստը նշանակելու համար, քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: