Դիաբետով հիվանդների շրջանում պատվաստումները հակացուցում չեն համարվում, այլ հակառակը, դիաբետն ուղիղ ցուցում է, քանի որ այս խմբի մարդիկ գտնվում են ռիսկի գոտում: Դա վերաբերում է ոչ միայն քովիդի դեմ պատվաստանյութերին այլև առկա բոլոր տեսակի պատվաստանյութերին:
Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց բ.գ.դ., պրոֆեսոր, «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, մանկական էնդոկրինոլոգիայի գծով Առողջապահության նախարարի խորհրդական Ելենա Աղաջանովնան:
Դիաբետով և մեծահասակներն են հիվանդանում, և՛ երեխաները: Երեխաներն ու երիտասարդները ավելի հաճախ՝ 99 տոկոս դեպքերում տիպ 1 դիաբետով են հիվանդանում, մեծահասակներ՝ տիպ 2 դիաբետով: 1-ին տիպը կապված է ինսուլինի բացարձակ անբավարարության հետ և բուժումն ինսուլինով է, իսկ երկրորդ տիպի ժամանակ կա ինսուլինի հարաբերական անբավարարություն և ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայունությունն է խախտված լինում, բուժվում են հաբերով:
«Երկու տիպերի ժամանակ էլ պատվաստումները հակացուցված չեն: Հաճախ խոսվում էր այն մասին, որ երեխաների շրջանում իրականացվող պատվաստումները կարող են հանգեցնել դիաբետի առաջացման, սակայն եվրոպական ու ամերիկյան մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ոչ մի պատվաստում նման հետևանքի չի կարող հանգեցնել»,- ասում է Ելենա Աղաջանովան և հավելում, որ վերոնշյալ հետազոտություններն այն երկրներում են իրականցվել, որտեղ տիպ 1 դիաբետի դեպքերը բավականին շատ են, սակայն դրան զուգահեռ շատ են նաև մանկական տարիքում իրականացվող պատվաստումների թիվը՝ մեր երկրի համեմատությամբ:
Մասնագետի խոսքով, ապացուցված է, որ դիաբետով հիվանդներն ավելի հաճախակի չեն վարակվում քովիդով, կամ այլ ինֆեկցիաներով՝ հիվանդացությունը նույն քանակի է, ինչ՝ դիաբետ չունեցող մարդկանց շրջանում: Տարբերությունը նրանում է, որ եթե դիաբետիկները հիվանդանան ավելի ծանր ընթացք ու հետևանքներ կարող են լինել:
Ինչո՞վ է պայմանավորված դիաբետով հիվանդների քովիդով հիվանդանալու ծանր ընթացքը
Հիվանդության ծանր ընթացքը պայմանավորված է նրանով, որ դիաբետով հիվանդները շատ հաճախ արդեն իսկ ունենում են սրտանոթային խնդիրներ: Շատերը՝ մոտ 80 տոկոսն ունենում է այդպիսի խնդիր, օրինակ՝ զարկերակային գերճնշում, ճարպակալում, դիաբետով պայմանավորված հիպերգլիկեմիա և այլն: Վերջինը բերում է ընդհանրապես բոլոր հիվանդությունների ավելի ծանր ընթացքի:
Իսկ քովիդի ժամանակ գոյություն ունի այսպես կոչված հյուսվածքային բորբոքում,որով էլ պայամանավորվում է հիվանդության ընթացքի ծանրության աստիճանը: Մասնագետի խոսքով, եթե դիաբետի ցուցանիշը նորմայի սահմաններում չլինի, այսինքն շաքարը բարձր է, զարկերակային գերճնշում կա՝ դա բերելու է հիվանդության ավելի ծանր ընթացքի:
«Ինչքան երկար է եղել դիաբետի տևողությունը, այդքան ավելի վնասված են լինում անոթները և դրանց պատերը: Այդ վնասումը բերում է ցիտոկինների ավելի բարձր ազդեցության: Այս ամեն ինչը փոխկապակցված է իրար հետ և դրա համար է համարվում, որ դիաբետիկների համար ավելի վտանգավոր է քովիդով հիվանդանալը, քան՝ պատվաստումը»,- ասում է էնդոկրինոլոգը:
Նախապատվաստումային հետազոտություններ
Այժմ առկա քովիդի դեմ պատվաստանյութերը տարբեր տեսակի են, բայց ամեն դեպքում, բժշկի պնդմամբ, քանի որ սպիտակուց է մտնում օրգանիզմ, կարող են լինել ինչ-որ կողմնակի ռեակցիաներ:
«Խորհուրդ է տրվում, որ դիաբետով հիվանդների դեպքում շաքարի թվերը մաքսիմալ նորմային մոտ լինեն, եթե չէ, ապա պետք է հիվանդը գնա կարգավորի շաքարի դոզաները, ապա՝ պատվաստվի: Նորմայից տարբերվող թվերը հարաբերական հակացուցում են, որոնք հետաձգում են պատվաստումը»,- նշում է Ելենա Աղաջանովան:
Նրա խոսքով, հետազոտությունները, որոնք ցանկալի են մինչև պատվաստումային գործընթացը՝ դրանք արյան մակարդելիության, գլյուկոզայի մակարդակի, ճնշման և օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսի հայտնաբերման հետազոտություններն են: Եթե այս ստուգումների արդյունքում ամեն ինչ նորմայի սահմաններում է, ապա պացիենտը կարող է պատվաստվել, եթե ոչ, ապա պետք է առկա խնդիրը բժշկի հսկողությամբ լուծվի և հետո պատվաստումն իրականացվի:
Ո՞ր պատվաստանյութը պետք է ընտրեն դիաբետիկները
Ելենա Աղաջանովնան մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ չկան այնպիսի տվյալներ, որը ցույց կտա, թե դիաբետիկներին որ պատվաստանյութն է ցուցված:
«Չկա պատվաստանյութ, որը հակացուցված է դիաբետիկին: Մենք չունենք նման տվյալ և բոլոր միջազգային ուղեցույցները խոսում են այն պատվաստանյութերի մասին, որոնք իրենց մոտ օգտագործվում են և իրենք կատարել են հետազոտություններ ու պացիենտների զննումներ: Բայց, համենայնդեպս, չկա ոչ մի տվյալ այն մասին, որ ինչ-որ պատվաստանյութ հակացուցված է դիաբետ պացիենտին, կամ կա մի առավելություն ինչ-որ մի պատվաստանյութի դեպքում»,- ասում է էնդոկրինոլոգը:
Նա նաև ընդգծում է, որ ոչ միայն դիաբետը, այլև էնդոկրին հիվանդությունները հակացուցում չեն հանդիսանում քովիդի դեմ պատվաստումների համար:
«Բոլոր խնդիրների դեպքում հակացուցում հանդիսանում են միայն նորմայից շեղված վիճակները, ինչը հարաբերական ժամանակավոր հակացուցում է: Դրանք պետք է կարգավորվեն,որից հետո արդեն կարող են իրականացնել պատվաստում»:
Արաքսյա Փաշոյան