«Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարեն, որ ես մնամ… Հայ-ռուսական համալսարանը միակ բուհ-ը չէ, որի գործունեության հետ կապված՝ քրեական գործեր են հարուցվում և քննվում…». Արմեն Դարբինյանի էմոցիոնալ գրառումն ու դատախազության արձագանքը
Advertisement 1000 x 90

«Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարեն, որ ես մնամ… Հայ-ռուսական համալսարանը միակ բուհ-ը չէ, որի գործունեության հետ կապված՝ քրեական գործեր են հարուցվում և քննվում…». Արմեն Դարբինյանի էմոցիոնալ գրառումն ու դատախազության արձագանքը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին:

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, 2022թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և սկսվել է նախաքննություն:

«Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն, որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում»,-նշել է Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ Դատախազությունը, վստահ է՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈՒՀ-ին և նրա հեղինակությանը:

Հաջորդիվ գլխավոր դատախազի խորհրդականը նկատել է, որ Հայ-ռուսական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ, որի գործունեության հետ կապված խնդիրների բերումով քրեական գործեր են հարուցվում և քննվում: Դրանց արդյունքում եղել են ինչպես արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթները կարճելու որոշումներ, այնպես էլ՝ քրեական հետապնդումներ:

«Հենց քրեական գործի շրջանակներում է, որ Հայ-ռուսական համալսարանի հարգարժան ռեկտորը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են:

Իսկ քրեական գործով վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուպցիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է:

Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված գործողություններից»,-եզրափակել է Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմենմ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում ծավակուն հրապարակմամբ էր հանդես եկել, որում նշել էր, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել իրեն ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։

«Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ»,-գրել էր նա:

Ըստ Արմեն Դարբինյանի՝ այդ շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե’ Ռուսաստանի և թե’ հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և’ իր, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։

«Պիտի հավելեմ, որ թե’ նախկին և թե’ ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերքում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե «արևմտամետության» մասին։ Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել «ոչ բավարար ռուսականությա» մեջ»,-նշել էր համալսարանի ռեկտորը:

Արմեն Դարբինյանը ցավով նշել է, որ նշված շրջանակներին հաջողվել է թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։

Ըստ նրա՝ համալսարանի և իր նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։

«Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով՝ ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։ Էս «խելոքներ» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական»,-ասել է Արմեն Դարբինյանը:

Ռեկտորը պնդում է՝ «Գործը» ամբողջությամբ պատվիրված և հնարածին է։

«Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։

Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե’ երկրում, թե’ տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարեն, որ ես մնամ։

Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։ Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ։

Աստված Առաջ»,-եզրափակել է Արմեն Դարբինյանը:

Գոհար Սավզյան