«Մեկը իր վրա վերցրեց կատարվածը, Տրդատ Սարգսյանին էլ արանքից հանեցին». փոխգնդապետի ընտանիքը դժգոհ է դատարանի որոշումից
Advertisement 1000 x 90

«Մեկը իր վրա վերցրեց կատարվածը, Տրդատ Սարգսյանին էլ արանքից հանեցին». փոխգնդապետի ընտանիքը դժգոհ է դատարանի որոշումից

Մոտ 2.5 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընտանիքը դժգոհ է գործով դատարանի կայացրած վճռից: Արա Մխթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 5 տարվա ազատազրկումը շատ մեղմ է եղբորը նման վիճակի հասցնելու համար:

Նշենք, որ օրեր առաջ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման:

«Ծեծկռտուքը խմբակային է եղել, մի հոգի չի մասնակցել, որ մի հոգու դատապարտեցին: Հարությունը իր վրա վերցրեց կատարվածը, մնացածին էլ արանքից հանեցին, այդ թվում նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին: Մենք գոհ չենք դատարանի կայացրած որոշումից»,-ասաց Արա Մխիթարյանը:

Արա Մխիթարյանը նշեց, որ չնայած դատարանի որոշմանը համաձայն չեն, սակայն դեռ չրեն էլ բողոքարկել այն, բողոքարկելու դեպքում էլ մեծ հույսեր չունեն, որ այս իշխանությունների օրոք արդարադատություն կլինի:

Փոխգնդապետի եղբայրը հայտնեց, որ եղբոր վիճակում փոփոխություն չկա, բժիշկներն էլ ապաքինվելու հույսեր չեն տվել: Փոխգնդապետ Արա Մխիթարյանը խնամքին մեկ անչափահաս երեխա ունի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական դատավճռի՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար)

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։

Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Տրդատ Սարգսյանի՝ մասնակցությունն այդ միջադեպին հերքել են իրավապահները, ինչպես նաեւ ինքը՝ Տրդատ Սարգսյանը։

news.am



Նման նյութեր