Առեղծվածային մահեր․ ԱԱԾ նախկին տնօրենի մահվանից երկու տարի անց. ինչ ունենք այսօր (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Առեղծվածային մահեր․ ԱԱԾ նախկին տնօրենի մահվանից երկու տարի անց. ինչ ունենք այսօր

2 տարի առաջ այս օրը՝ հունվարի 17-ին, ԱԱԾ տնօրենի կինը ամուսնու դին հայտնաբերել էր տանը՝ հրազենյին վնասվածքով: 38-ամյա Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր մայրաքաղաքի Պարույր Սևակ փողոցի վրա գտնվող նորակառույցներից մեկում: Գեորգի Կոտոյանի դիակի դիմաց հայտնաբերվել էր 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի: Եվ այս զենքով էլ ԱԱԾ նախկին տնօրենը ինքնասպան էր եղել, իսկ զենքը նվեր էր Ստացել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից: Հյուրասենյակում գտնվող բազմոցի, որի վրա հայտնաբերվել է դիակը, դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Ասել է, թե ԱԱԾ նախկին տնօրենը այդ քայլին գնալուց առաջ կրակել էր պատերին, որից հետո ցավալի է, բայց, ըստ նախնական վարկածի, ինքն իրեն զրկել էր կյանքից:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել եւ գործը քննվեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում:

Մեկ տարի քննեցին

Ինչ պարզեց։ Կոմիտեն քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան: Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին: Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Այն, ինչ ներկայացրեց նախքննական մարմինը, որեւէ կերպ չփարատեց այն կասկածները ու ամենագլխավոր հարցը մնաց անպատասխան՝ ինչու: Ինչու պետք է ԱԱԾ նախկին տնօրենը գնար այդ քայլին, նրան ստիպեցին ինքնասպան լինել, թե ԱԱԾ նախկին տնօրենը որոշեց գնալ այդ քայլին եւ այդ կերպ լռել, կամ նրան կոնկրետ սպանել են եւ հետքերն էլ թաքցրել: Վերջինիս ինքնասպանությունից մեկ տարի անց նախաքննական մարմինը հայտարարեց .«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»:

Նախաքննական մարմնի կողմից գործի կասեցումը ավելի կասկածները խորացրեց: Նախքննական մարմնի կողմից կատարված քննությունը եւս չի կարողացել հիմնավորի, որ նա ինքնասպան է եղել եւ միգուցե մի օր ի հայտ գան այնպիսի հանգամանքներ, որոնց արդյունքում դեպքը միգուցե բացահայտվի, եւ ի վերջո հասկանանք, թե ինչ կատարվեց եւ ինչու:

Փաստ է մեկ բան Գեորգի Կուտոյանը չէր անցնում ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ Հատուկ քննչական ծառայության, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում քննվող քրեական գործերով: Ուստի դեռ ԱԱԾ տնօրենի ինքնասպնությունը մնում է առեղծված:

Թավշյա Հեղափոխությունից հետո, այս դեպքը միակ առեղծվածային մահվան դեպքը չէր նախկին պաշտոնատար անձանց մեջ:

Անցած տարի սեպտեմբերին՝ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանապետ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկա էր: Նրա մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով, որը եւս կասեցվեց:

Իսկ նոյեմբերին Մոսկվայում մահացած էին գտել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Ըստ իրավապահների՝ Ոստիկանության նախկին պաշտոնյայի, ինչպես նաև նրա մորեղբոր մահը վրա էր հասել գազի պայթյունի հետևանքով։

Կարապետյանը ևս Մարտի 1-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: 49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում էր 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։

armlur.am