Այսուհետ մեջքի քրոնիկական ցավից կարելի է ազատվել վիրտուալ իրականության օգնությամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այսուհետ մեջքի քրոնիկական ցավից կարելի է ազատվել վիրտուալ իրականության օգնությամբ

AppliedVR ընկերությունը պաշտոնական թույլտվություն է ստացել Միացյալ Նահանգներում EaseVRx սարքը վաճառելու համար: Այս սարքն իրենից ներկայացնում է վիրտուալ իրականության համակարգ, որն օգտագործում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի մեթոդները՝ 18 տարեկանից բարձր հիվանդների մոտ մեջքի քրոնիկական ցավը նվազեցնելու համար: Այն նոր դասի թվային թերապևտիկ միջոցներից մեկն է և թույլ է տալիս հրաժարվել կախվածություն առաջացնող օփիոիդների վրա հիմնված ցավազրկողների օգտագործումից:

EaseVRx-ի՝ մեջքի ցավի բուժման մեթոդը հիմնված է հիվանդներին հատուկ շնչառական վարժություններ սովորեցնելու վրա։ Ինքնին շնչառական վարժությունները նորություն չեն։ Այստեղ նորույթը դրանց ուսուցման եղանակի մեջ է, որը կառուցված է վիրտուալ իրականությունում կատարվող մի շարք վարժությունների հիման վրա։ AppliedVR-ի ինժեներները ստեղծել են հատուկ դիմակ, որը խոսափողի միջոցով գրանցում է մարդու շնչառության ձայները: Այնուհետև դրանք իրական ժամանակում ենթարկվում են վերլուծության, ինչն էլ օգնում է շտկել սխալները վարժությունների կատարման ընթացքում։ Արդյունքում մեծապես հեշտանում է դրանց յուրացումը հիվանդների կողմից։ EaseVRx-ի բուժման ծրագիրը բաղկացած է 2-ից 16 րոպե տևողությամբ 56 դասերից, որոնց պետք է մասնակցել վիրտուալ իրականությունում ամեն օր` ութ շաբաթվա ընթացքում:

Սարքի աշխատանքն ուսումնասիրող կլինիկական հետազոտությունը, որին մասնակցել է մեջքի քրոնիկական ցավով տառապող 179 մարդ, տևել է 8,5 ամիս և ցույց է տվել շատ բարձր արդյունավետություն։ Փորձարկվողների 66%-ը հայտնել է ցավի 30%-ով կրճատման մասին, իսկ 46%-ը նշել է, որ ցավերը նվազել են կիսով չափ: Հետազոտության ընթացքում լուրջ կողմնակի ազդեցություններ չեն գրանցվել: Մասնակիցների 20,8%-ը նշել է, որ անհարմարություն է զգացել սարքն օգտագործելիս, իսկ 9,7%-ը՝ սրտխառնոց:

Հիշենք, որ ըստ McBill pain index-ի մեջքի ցավը ունի մոտ 25 միավոր, որպես համեմատություն, մատի ամպուտացիան գեներացնում է ցավ՝ 40 միավոր, երկունքի ցավ՝ 35-40։

Հրապարակման է պատրաստել ita.am



Նման նյութեր