Արջ, բեզոարյան այծ և 5 անգղ․ Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկում. «Հրապարակ»
Advertisement 1000 x 90

Արջ, բեզոարյան այծ և 5 անգղ․ Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկում. «Հրապարակ»

Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ, հայտնում է «Հրապարակ» թերթը։

Պարբերականը նշում է, որ կենդանիների անկման պատճառը սովն է և պատշաճ խնամքի բացակայությունը։ Թերթի տվյալներով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը գլուխ չի հանում աշխատանքից, չարաշահումների և միջոցների վատնման մասին լուրեր են շրջանառվում:

«Միայն մեկ օրում հինգ թռչուն է սատկել, ասում են՝ սովից, չնայած այգու ղեկավարությունը որպես նրանց անկման պատճառ նշում է հիվանդությունը։ Սատկել է երկու արջերից մեկը և, ամենայն հավանականությամբ, սովից, քանի որ կենդանիները հարձակվել են միմյանց վրա և մեկը գրեթե կերել է մյուսին»,-նշում է թերթը։

«Հրապարակի» թղթակցին հաջողվել է կապ հաստատել կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի հետ, բայց վերջինս չի ցանկացել մեկնաբանել տեղեկությունը։

Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1950 թվականին, ունեցել է ավելի քան 700 կենդանի։ 2019թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների մահվան հետ։ Դրա արդյունքում նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, իսկ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։