Դատախազությունը չի հաստատել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործը հետ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ սա վերջին շրջանում արդեն երրորդ դեպքն է, երբ դատախազությունը բացահայտ դժգոհություն է հայտնում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական գործերի քննության որակի առնչությամբ ու լրացուցիչ քննության ուղարկում։ Ավելի վաղ դատախազությունը ցուցումներով հետ էր ուղարկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը՝ լրացուցիչ քննության, իսկ օրերս հայտնի դարձավ, որ Դատախազությունը չի հաստատել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործը կրկին ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, և միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ՝ գործարար Սիլվա Համբարձումյանին հանքաերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 4 միլիարդ դրամին համարժեք 14 մլն դոլար կաշառք: