Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ պահանջելով հեռացնել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումները։
Ներկայումս Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել Google ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։
Նրա խոսքով` քարտեզներից հայկական տեղանունները հանելու` Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստել իր հանցավոր քաղաքականությանը։
Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու` ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։
Քարտեզագիր Շահեն Շահինյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արցախի քաղաքների և շրջանների անուններն ադրբեջաներեն և հայերեն լեզուներով Google Maps հավելվածում փոխելու գործընթացն Ադրբեջանը սկսել է դեռևս 2020 թվականի սկզբից:
«Մինչև 2019 թվականը, օրինակ, Ստեփանակերտը փոխառված անուն չի ունեցել, իսկ հիմա արդեն երկլեզու է: Անձամբ ես դա նկատել եմ 2020 թվականի առաջին կեսից: Ցավոք, Google-ը մասնավոր ընկերություն է, ինքն է որոշում իր քաղաքականությունը՝ ելնելով իր շահերից: Կարող է՝ այնտեղ ինչ-որ մեխանիզմներ լինեն՝ իրենց վրա գումարային միջոցներով ներազդելու, սակայն ուղիղ պետական կամ միջազգային գործիքակազմ չկա:
Google-ն առևտրային կազմակերպություն է, և դրա համար նրա վրա ներազդելու ամենալավ միջոցը, որը մենք ենք առաջարկել, հայկական տեղեկատվական շտեմարան ունենալն է, որը բաց կլինի ամբողջ աշխարհի համար, ու մենք կզբաղվենք ոչ թե Google-ի, այլ հայկականի պոպուլիզացիայով: Երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան և ուզում է ինչ-որ ինֆորմացիա ստանալ Հայաստանի մասին՝ չբացի Google-ի քարտեզը, այլ բացի հայկական պորտալը:
Այս հարցով բազմիցս դիմել ենք պետական մարմիններին, սակայն բոլորը մերժել են: Այդ գործընթացը նախաձեռնել ենք 2017 թվականից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագիրը՝ նշելով, որ հիմա անհատներ կան, ովքեր փորձում են ստեղծել հայկական էլեկտրոնային քարտեզ և ֆինանսների փնտրտուքի մեջ են:
Անի Կարապետյան