«Օմիկրոնը» տարածվում է Հայաստանում. ինչպես պայքարել դրա դեմ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Օմիկրոնը» տարածվում է Հայաստանում. ինչպես պայքարել դրա դեմ. armeniasputnik.am

Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել է 377%–ով:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։

Ուղիղ 14 օր առաջ նախարարությունը տեղեկացրել էր, որ ՀՀ–ում «Օմիկրոնով» վարակվելու դեպքեր են գրանցվել։ Այդ պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերի թիվը տատանվում էր 150-200-ի միջև։ Այսօր արդն գրանցվել է վերջին երեք ամսում ամենաբարձր ցուցանիշներից մեկը` 1931 դեպք։

«Մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի աճը կապված է երկրում «Օմիկրոն» շտամի տարածման հետ։ Այն խիստ վարակիչ է։ Իրավիճակն ավելի ու ավելի է լարվում»,–խոստովանեց Աբովյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի վերարտադրության գործակիցը (վարակի տարածման արագության ցուցանիշը) 1-ից բարձր է, իսկ դա վկայում է վարակի տարածման տեմպերի արագացման մասին։

Ընդ որում` մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունն աճել է 3-6 անգամ։ Երեխաներն «Օմիկրոնը» տանում են արտահայտված ախտանիշներով, ինչը մյուս մանրէահիմքերի դեպքում, որպես կանոն, չի եղել:

Աբովյանը նշեց, որ ԵՄ-ն արդեն Հայաստանը ներառել է կարմիր գոտում, և մեկ քայլ է մնացել, որ մեր երկիրը հայտնվի ավելի մուգ գոտում, ինչը կվկայի համաճարակային անբարենպաստ իրավիճակի մասին:

Մասնագետի կարծիքով՝ նոր շտամի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդը պատվաստումն է, հատկապես բուստերային դեղաչափի ստացումը, քանի որ այդ դեպքում ավելանում է Covid-19-ի իմունային պատասխանը:

Բացի այդ, մասնագետը կոչ է անում չմոռանալ կանոնների մասին՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։

Այս պահին երկրում ակտիվ է նաև A տեսակի գրիպի H3N2 ենթատեսակը (Հոնկոնգյան գրիպ)։ Ռիսկի խմբում են մինչև 5 տարեկան երեխաները։

Մասնագետների գնահատմամբ` այս տարի Հայաստանում այդ վարակի տարածման մակարդակը 1.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Բարդություններից խուսափելու համար Աբովյանը հորդորում է պատվաստվել ոչ միայն կորոնավիրուսի, այլև գրիպի դեմ։

«Լինում են դեպքեր, երբ միաժամանակ վարակվում են և՛ գրիպով, և՛ կորոնավիրուսով։ Այդ դեպքում բուժառուն ավելի ծանր է տանում հիվանդությունը», – զգուշացնում է Աբովյանը։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի պետ ղեկավար Սվետլանա Գրիգորյանն էլ կոչ է անում միանալ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի բուստերային չափաբաժին ստանալուն:

«Հատկապես դա վերաբերում է ռիսկի խմբում գտնվող անձանց՝ բժիշկներին, 65 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողներին», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «Օմիկրոնի» տարածման դեմ պայքարում բուստերային դեղաչափի արդյունավետությունն արդեն ապացուցված է։

Գրիգորյանը նաև անդրադարձավ հակացուցումների մասին առասպելներին և վստահեցրեց, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր անձինք (սիրտ-անոթային, շնչառական, էնդոկրին, աուտոիմունային), որոնք ռեմիսիայի փուլում են, կարող են պատվաստվել:

Նա հիշեցրեց, որ բուստերային չափաբաժինը քաղաքացիները կարող են ստանալ երկրորդ պատվաստումից 4-6 ամիս անց:

Հունվարի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 825 382 պատվաստում։Առաջին դեղաչափը ստացել է 999 891 մարդ, ամբողջապես պատվաստված են 819 841–ը, խթանիչ պատվաստանյութ է ստացել 5650 մարդ։

Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։

Առաջիկայում էլ Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։

armeniasputnik.am