Մենք քանիցս գրել ենք, որ պարեկային ծառայության համար ձեռք բերված նոր Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում, նրանց վրա տեղադրված լուսաձայնային սարքավորումները, ռադարներն ու գաջեթները հոսանքի գերծանրաբեռնվածություն են առաջացնում, ինչի հետեւանքով ավտոմեքենան չի կարողանում ապահովել իր տեխնիկական պարամետրերը, որոնք նախատեսված են գործարանի կողմից։ Դրա հետեւանքով հաճախ նաեւ տեխնիկական խափանումներ են առաջանում, եւ պարեկային Skoda-ները դառնում են շահագործման ոչ ենթակա։ Մասնավորապես, մեզ ասել էին, որ հաճախակի խափանվում են այս մեքենաների փոխանցման տուփերը, որոնք նուրբ կառուցվածք ունեն, եւ երբ միացնում են լուսային ազդանշանները, հատկապես՝ կողային հատվածում տեղադրված մեծ լուսարձակը, հոսանքի ծանրաբեռնվածությունից պարեկային ծառայության Skoda Octavia-ի փոխանցման տուփը շարքից դուրս է գալիս։
Այս թեմայով հարցում էինք ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե պարեկային ծառայության քանի Skoda Octavia կա պարեկային ոստիկանության ավտոպարկում, դրանցից քանիսը չի շահագործվում եւ ինչ պատճառով։ Ոստիկանությունից հաստատել էին մեր տեղեկությունը, որ կան չշահագործվող մեքենաներ, որոնք կանգնած են փոխանցման տուփում առաջացած խնդիրների պատճառով։ «Այս պահին պարեկային ծառայության հաշվեկշռում գտնվող 150 միավոր «Շկոդա Օկտավիա» մակնիշի տրանսպորտային միջոցներից 33-ը չեն շահագործվում՝ փոխանցման տուփերի սելեկտորների խափանված լինելու պատճառով»,- ասված է ոստիկանության պատասխանում։
Ոստիկանությունում եւս ընդունում են, որ սխալ գնում են կատարել՝ պարեկային ոստիկանության համար այսպիսի մեքենաներ ձեռք բերելով։
Մենք անդրադարձել էինք այս թեմային, որ պարեկային ոստիկանության համար Skoda Octavia-ների՝ մեկ անձից կատարված գնումը կատարվել է որոշակի խախտումներով, մի քանի անգամ չափանիշների եւ ժամկետների փոփոխությամբ, եւ հիմա ոստիկանությունը մտադիր է արդեն մարզերում պարեկային ոստիկանության ծառայության անխափան աշխատանքն իրականացնելու նպատակով այլ մակնիշի մեքենաներ ձեռք բերել։ Ամենայն հավանականությամբ՝ նոր մեքենաները կլինեն Toyota մակնիշի՝ Camry կամ RAV 4, եւ ձեռք կբերվեն «Տոյոտա Երեւան» ընկերությունից, ինչպես նախկինում։
Այս ամենի տակ նաեւ ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա։ Բանն այն է, որ նոր իշխանությունները ցանկացան ամեն գնով հրաժարվել Toyota մակնիշի մեքենաներից, որոնցից օգտվում էին տասը տարուց ավելի, քանի որ Toyota-ի պաշտոնական ներկայացուցիչ «Տոյոտա Երեւան» ընկերության մեջ փայատեր է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը։ Դրա համար ամեն ինչ արեցին, որ իրենց ավելի լոյալ մեկին պատկանող ընկերությունը հաղթի մրցույթում, որն այդպես էլ չկայացավ, քանզի գնումը կատարվեց մեկ անձից տարբերակով։ Այդ մեկը, պարզվեց, Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Չեխ ավտո» ընկերությունն էր, որը չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Արդյունքը եղավ այն, որ Մովսեսյանին պատկանող ընկերությունը չկարողացավ ոստիկանության առաջադրած պահանջներին համապատասխան մեքենաներ ապահովել ոստիկանության համար։ Բայց կարճ ժամանակ անց հասկացան, որ սխալ ընտրություն են կատարել։ Եվ հիմա նորից ստիպված են վերադառնալ Toyota-ին, քանի որ այս պահին դեռեւս միայն Toyota-ն է ի վիճակի իրենց ուզած չափանիշներով ոստիկանական մեքենաներ հավաքել եւ մատակարարել՝ ամբողջական երաշխիքային սպասարկմամբ։ Այսինքն՝ հայրենի ոստիկանությունը վերեւից ուղղորդված քաղաքական ամբիցիաների պատճառով պետությանը բավականին մեծ վնաս է հասցրել։
Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը պատրաստվում է նաեւ դատական հայց ներկայացնել «Չեխ ավտո» ՍՊԸ-ի նկատմամբ՝ պայմանագրով նախատեսված պահանջները չկատարելու կամ թերի կատարելու, այլ խախտումներ թույլ տալու համար։ Թեեւ ոստիկանությունից ասացին, որ այս պահին նման գործընթաց չկա։ Ամբողջ հարցն այն է, որ Skoda Octavia ավտոմեքենաները բավականին հաջող մոդելներ են՝ ամուր, դիմացկուն, ամենօրյա շահագործման համար շատ հարմար։ Այսինքն՝ ունեն գին-որակ բավականին լավ հարաբերակցություն։ Բայց դրանցից ոստիկանական մեքենա ստանալու համար պետք էր պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել՝ հաշվարկել ու հաշվի առնել բազմաթիվ գործոններ, տեխնիկական հնարավորություններ, որը չի արվել, դրա համար էլ այսօր կանգնել են այսպիսի խնդրի առաջ։ Եվ ոստիկանությունում այս ամենը չեն թաքցնում։
Այս թեմայով փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արտյոմ Մովսեսյանից, սակայն նա անհասկանալի ագրեսիա ցուցաբերեց՝ լսելով մեր հարցերը։ Երբ ասացինք, որ իր մատակարարած Skoda-ներում փոխանցման տուփի հետ կապված խնդիրներ են առաջացել, Մովսեսյանն ասաց․ «Յուրաքանչյուր մեքենա յուրաքանչյուր ծավալային արտադրության մեջ ունենում է խնդիրներ։ Ես սրանով ուզում եմ փակել էս թեման»։ Իսկ երբ ասացինք, որ ոստիկանությունը մտադիր է դիմել դատարան, Մովսեսյանն ասաց․ «Եկեք սենց պայմանավորվենք, հա՞, ես իմ չիմացած բաների մասին Ձեզ հետ չեմ քննարկում։ Եթե Դուք էդքան լավ ինֆորմացված եք, իմ համար էլ ա անհասկանալի։ Շատ անհասկանալի ա, թե ոնց եք տենց ինֆորմացված էդտեղից, էլի»։