Այսօր նախատեսված Թբիլիսի-Մոսկվա չարտերային չվերթը, որն իրականացրել է վրացական ավիաընկերությունը, ուղիղ չի եղել. ինքնաթիռը Երևանով է Մոսկվա մեկնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավիաընկերությունից դեռ չեն հայտնել պատճառը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը հունվարի 28-ին չարտերային ուղիղ չվերթ է իրականացնելու Թբիլիսիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ։ Բոլոր տոմսերը սպառվել էին։
«Ուղիղ չվերթ չի եղել, ինքնաթիռը թռել է Երևանով, ուղևորները չեն իմացել, որ Երևանով են թռչելու Մոսկվա»,- հայտնել են ավիաընկերությունից։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավիաընկերությունը ամանորյա տոների կապակցությամբ երկու չարտերային չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել դեպի Մոսկվա։ Առաջին ուղիղ չվերթը եղել է հունվարի 8-ին։
Նշենք, որ ռուս-վրացական հարաբերությունները սրվեցին, երբ 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին։ Անկարգությունների պատճառ դարձավ Թբիլիսիում խորհրդարանական ամբիոնից ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում։ Ընդդիմությունը դժգոհել էր, որ նման բարձր ամբիոնը տրամադրվել է մարդու, որը կողմ է Աբխազիայի անկախությանը։
Այս ամենի ֆոնին ՌԴ նախագահի հրամանագրով 2019 թվականի հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվեց ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, իսկ տուրօպերատորներին և գործակալներին խորհուրդ տրվեց Վրաստանի ուղղությամբ ավիատոմսեր չվաճառել։ Նույն օրը ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության որոշումը՝ դադարեցնել վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան։