Արման Բաբաջանյանի հիմնադրած լրատվամիջոցը դատարանում պարտվել է և ընդունել է, որ «Հայրենիք» կուսակցության հիմնադաիր Արթուր Վանեցյանի մասին կեղծ տեղեկություններ է տարածել։ Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում․«Վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. 1in.am լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ:
Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով:
Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում ի նկատի ուներ ԱԺ պատգամավորը «վերբալ մարմնավաճառներ» ասելիս: Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ 1in.am-ին, ոչ էլ civic.am-ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում»,-գրել է Սոս Հակոբյանը։
Բաբաջանյանին պատկանող 1in․ամ-ի տարածած հերքման տեքստում ասվում է․«01.05.2020թ. www.1in.am կայքում հրապարակվել է անստորագիր հոդված՝ «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ. Նոր մանրամասներ» վերնագրով:
Հղումը՝
Հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ:
Սույնով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հերքում է հոդվածում տեղ գտած Արթուր Վանեցյանին և նրա ծնողներին վերաբերող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:
Մասնավորապես՝ «Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «ՁՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել: Տարիներ առաջ վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումքը համապատասխան նշանակման վայրեր»:
«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «այդ ոլորտում գործունեություն ծավալելու հարցում մեծ ներդրում էր ունեցել Արթուր Վանեցյանի մայրը»:
«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. « … Սաշիկ Սարգսյանին պատկանող «Ման» մակնիշի ներկայացուցչությունում մասնաբաժին ունի նաև Արթուր Վանեցյանի հայրը»:
«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «Հեղափոխությունից հետո Վանեցյանը մեծ վարպետությամբ կարողացավ շրջանցել Թոխմախի Մհերին, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո Վովայի Արշակը և Վստրեչի Ապերը հենց Վանեցյանի քավորությամբ վերադարձան… Իսկ Վանեցյանի մեծ ախպերը (նա մինչ օրս էլ այդպես է դիմում Թոխմախի Մհերին) … »
«Առաջին Լրատվական»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանը այն, թե «Վանեցյանի ու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Մհեր Սեդրակյանի մտերմությունը սկսվել է դեռևս Վանեցյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ԱԱԾ ղեկավար նշանակվելու ժամանակահատվածից: … Այդպես նայելով Մհեր Սեդրակյանը շատ հեշտ իրենով արեց Արթուր Վանեցյանին: Եվ հետո Վանեցյանն այդ ժամանակ պատահական մեկը չէր: Բոլորն էլ գիտեին, որտեղ է աշխատում նրա մայրը, և ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ: Այդ իսկ պատճառով, Վանեցյանի հետ տեղի քրեաօլիգարխիան էլ ավելի մտերմություն էր ցանկանում հաստատել, որը և տեղի է ունենում, և այդ մտերմությունը վերաճում է «մեծ ախպերության» ու բերում նաև համատեղ բիզնեսների, լոգիստիկ ընկերության հիմնելուն, ինչի մասին արդեն գրեցինք»: