Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը մեր ապագան տեսնում է ընդլայնված իրականության մեջ և խաղադրույք է կատարում հեռաբժշկության զարգացման վրա:
2021 թվականին լրանում է տասը տարին, երբ Թիմ Կուկը ստանձնեց Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Ընկերության ներկայիս ղեկավարին անվանում են կոկիկ մենեջեր, ով չի շտապում նորարարություններ անել, այլ թողարկում է միայն մտածված լուծումներ։ Կուկը նույնքան զգուշավոր է ապագայի վերաբերյալ իր կանխատեսումներում։ Սակայն նա խոստովանում է, որ արդեն 2022 թվականին հիմնական տեխնոլոգիական միտումը լինելու է ընդլայնված իրականությունը, որն իր կիրառումը կգտնի մեր իրական կյանքի բոլոր ոլորտներում։ Ի՞նչ այլ միտումներ է նշում գործարարը։
AR համակարգեր՝ iPhone-ի փոխարեն
Մինչև 2022 թվականի վերջ Apple-ը կարող է ներկայացնել երկար սպասված ընդլայնված իրականության համակարգը։ Այն շատ ավելի հզոր կլինի, քան iPhone-ը, և նախագծված կլինի առաջիկա տասը տարում սմարթֆոնները փոխարինելու համար։ AR համակարգի օգնությամբ հնարավոր կլինի խաղալ, զրուցել և կիսվել մուլտիմեդիա ֆայլերով։ Ականջակալը կաշխատի Apple-ի սեփական չիպով և հզորությամբ համեմատելի կլինի MacBook-ի հետ: Գաջեթը կարժենա 300-900 դոլար։ Մեկ տարի անց շուկայում կարող են հայտնվել AR ակնոցներ, որոնք արտաքին տեսքով չեն տարբերվի սովորական արևային ակնոցներից և շատ ավելի կոմպակտ կլինեն, քան AR ականջակալը։
2021 թվականի սեպտեմբերին Կուկը խոստովանեց, որ ընդլայնված իրականությունը Apple-ի ապագայի կարևոր մասն է։ Նա կանխատեսում է, որ AR-ը մեծապես կօգտագործվի առողջապահության, կրթության, մանրածախ առևտրի, խաղերի և համագործակցության ոլորտներում:
Կուկը կենտրոնանում է խառը իրականության ականջակալի մշակման վրա: Apple-ն աշխատում է դրա վրա առնվազն 2015 թվականից, բայց մինչ օրս ընկերությունը պաշտոնապես չի ներկայացրել որևէ նախատիպ:
Խելացի սարքի համատեղելիություն
Կուկի օրոք Apple-ը սկսեց ակտիվորեն մասնակցել Matter նախաձեռնությանը, որում «խելացի» սարքերի արտադրողները խթանում են դրանց համատեղելիության գաղափարը: Այսպիսով, Apple-ի HomePod տնային բարձրախոսը կկարողանա աշխատել Amazon-ի Ring խելացի զանգի և Google-ի ձայնային օգնականի հետ: Ստանդարտը կլինի բաց կոդով, և արտադրողները դրա օգտագործման համար հոնորարներ չեն վճարի: Նոր արձանագրության առաջին սարքը, ինչպես խոստանում են մասնակիցները, կթողարկվի 2022 թվականին։
Այս աշխատանքի շրջանակներում Apple-ը ներկայացրել է բաց կոդով HomeKit գործիքը, որը թույլ կտա խելացի տան պարագաների մշակումը։ Սա կօգնի մշակողներին ստեղծել ոչ առևտրային խելացի տան արտադրանքի նախատիպեր: Զուգահեռաբար՝ ընկերությունը կազմակերպեց homeOS խելացի տան օպերացիոն համակարգի մշակումը և սկսեց ինժեներներ վարձել։ Հնարավոր է, որ ընկերությունը թողարկի HomePod բարձրախոսի գործառույթներով գաջեթ, որը կարելի է միացնել Apple TV-ին և վերածել FaceTime վիդեոկոնֆերանսների համակարգի։
Կրիպտոարժույթներ Apple Pay-ում
Թիմ Կուկը չի թաքցնում, որ անձամբ է ներդրումներ կատարել կրիպտոարժույթում և «որոշ ժամանակ» հետաքրքրվել է դրանով։ Ըստ թոփ մենեջերի՝ «խելամիտ է այն ունենալ՝ որպես դիվերսիֆիկացված պորտֆելի մի մաս»: Այնուամենայնիվ, Apple-ը չի պլանավորում ընդունել կրիպտոարժույթը Apple Pay-ում շուտով: Չնայած ընկերության կողմից նման ծրագրերի բացակայությանը, Կուկը նշել է, որ Apple-ը դիտարկում է նման հնարավորությունը։ Այնուամենայնիվ, օգտվողները շուտով չեն կարողանա գնել, վաճառել կամ կառավարել նման ակտիվները Apple հարթակում:
Ընդհանուր առմամբ, Կուկը վճռական է Apple-ի ֆինանսական գործիքները զարգացնելու հարցում: Դեռևս 2020-ին նա ասաց. «ԱՄՆ-ը մի փոքր հետ է մնում անկոնտակտ վճարումների մշակումից՝ համաճարակի պատճառով, և, հետևաբար, մենք լավատես ենք այս ոլորտում և կարծում ենք, որ դեռ շատ բաներ կան, որ Apple-ը կարող է բերել»:
Բժշկական գրառումներ iPhone-ում
Դեռևս 2018 թվականին Apple-ը Կալիֆոռնիայում բացեց կլինիկաների ցանց, որը կոչվում է AC Wellness: Առայժմ նրանց հեռաբժշկության ծառայությունները հասանելի են միայն Apple-ի աշխատակիցներին, հիմնականում Սանտա Կլարա կոմսությունում, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը:
Այնուամենայնիվ, Թիմ Կուկն ասաց, որ Apple-ը պատրաստվում է «զգալի ներդրում ունենալ» առողջապահության ոլորտում։ Ընկերությունը ներկայումս ջանքեր է գործադրում բժշկական գրառումները iPhone-ին փոխանցելու համար։ Նախագիծը գտնվում է բետա թեստավորման փուլում, սակայն մոտ հարյուր հիվանդանոց գրանցվել է դրանում, և ընկերությունը նախատեսում է այն ընդլայնել ԱՄՆ ողջ առողջապահական համակարգում։ Նաև 2022 թվականին ամերիկացի վնասվածքաբանները կկարողանան օգտագործել T6 iPad հավելվածը, որն օգնություն ցուցաբերելիս իրական ժամանակում հետադարձ կապ կտրամադրի հիվանդանոցում գտնվող թիմին։
Բացի այդ, 2021 թվականի աշնանը թողարկվեց Apple Health հավելվածը, որը պահպանում է օգտատերերի առողջության մասին բոլոր տվյալները՝ նրանք կարող են դրանք կիսել բժշկի կամ նախընտրած մարդկանց հետ։ Միաժամանակ կիրառական ալգորիթմները վերլուծում են նաև ցուցանիշների փոփոխությունների դինամիկան։
Screen Time ֆունկցիան, որը հայտնվել է 2018 թվականին, այժմ թույլ է տալիս վերլուծել օգտատիրոջ հոգեկան վիճակը՝ հիմնվելով iPhone-ի օգտագործման մասին տեղեկատվության վրա, ներառյալ՝ սմարթֆոնը ձեռքին անցկացրած ժամանակը։ Apple-ը տարիներ շարունակ աշխատում է Shine հոգեկան առողջության մոնիտորինգի հավելվածի մշակողների հետ, որը ներառում է մեդիտացիա և հոգեկան վիճակի օրագիր։ Կուկը կարծում է, որ հոգեկան առողջության պահպանումը ժամանակակից աշխարհի մարտահրավերներից է, ուստի ընկերությունը հետագայում ավելի շատ կաշխատի այս ուղղությամբ։
Հետագայում առողջության մոնիտորինգի տարբերակը նախատեսվում է ընդլայնել այլ սարքերի վրա։ Համակարգչում աշխատելիս սենսորը կչափի օրգանիզմում ջրի պարունակությունը, անոթներում արյան հոսքը, սրտի աշխատանքի հաճախականությունը, արյան ճնշումը, շնչառության հաճախականությունը և այլ ցուցանիշներ: Այս դեպքում օգտատիրոջ տվյալները կհամեմատվեն այլ մարդկանց տվյալների հետ, որպեսզի համակարգիչը կարողանա, օրինակ, զգուշացնել նրան հնարավոր հիպերտոնիայի մասին։
Apple-ը նախատեսում է նման բիոսենսորներ ներդնել iMac-ներում, iPad-ներում, iPhone-ներում, կրելի սարքերում և նույնիսկ խոհանոցային սարքերում:
Կուկը խոստանում է, որ առողջության մոնիտորինգի գործիքների զինանոցը կշարունակի ընդլայնվել և կատարելագործվել:
Սարքի ինքնուրույն վերանորոգում
2021 թվականի աշնանը Apple-ը հայտարարեց ինքնավերանորոգման ծրագրի մասին, որը հաճախորդներին հնարավորություն կտա օգտվելու ընկերության օրիգինալ մասերից, գործիքներից և ուղեցույցներից՝ որոշ սարքեր շտկելու համար՝ սկսած iPhone 12 և 13 մոդելներից: Սկզբում ծրագիրը թույլ կտա ձեզ փոխել ձեր սարքի էկրանը, մարտկոցը և տեսախցիկը, իսկ ավելի ուշ չիպերի փոխարինումները հասանելի կլինեն Mac-երի համար՝ սկսած M1-ից, ներառյալ՝ MacBook Air-ը, MacBook Pro-ն, Mac mini-ն և iMac-ը: Թիմ Կուկը խոստացել է, որ ծրագիրը կմեկնարկի 2022 թվականի սկզբին ԱՄՆ-ում և մեկ տարվա ընթացքում կտարածվի այլ երկրներում։
Երկարաժամկետ հեռանկարում Կուկը նշում է էթիկական AI-ի և օգտատերերի գաղտնիության վրա աշխատելու կարևորությունը: Նա գաղտնիությունը համարում է «դարի ամենամեծ խնդիրներից մեկը» և ասում է, որ կարևոր է «հաջորդ սերնդին թողնել մի բան, որը շատ ավելի լավն է»:
Կուկը գլոբալ խնդիրների լուծումը տեսնում է ոչ միայն կառավարությունների, այլև ընկերությունների համահունչ աշխատանքում.
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամենամեծ խնդիրներից մի քանիսը, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը, չեն կարող լուծվել միայն կառավարության կողմից: Սա պահանջում է, որ մյուս շահագրգիռ կողմերը շարժվեն նույն ուղղությամբ և հաստատեն պետական-մասնավոր համագործակցություն: Բազմազանությունն ու ներառականությունը, ռասայական հավասարությունն ու արդարությունն այն են, ինչ մեզ անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ հասարակությունն առաջ շարժվի»:
Սիրարփի Աղաբաբյան