Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակներն ու դաստիարակները բռնության են ենթարկել մի երեխայի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Փետրվարի 2-ին aravot.am–ը գրել էր, որ հունվարի 31-ին Ա․ Հ․-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելը, խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին:
Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ երեխայի ձեռքերն ու պարանոցը կապել են ու երկաթյա տաք խաղալիքով այրել կրծքավանդակը, ստիպել են հող, խոտ, կղանք ուտել։ Երեխային պատճառել են ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:
Ոստիկանությունից Sputnik Արմենիային ասացին, որ հաղորդումը եղել է այս բովանդակությամբ, այժմ էլ նյութեր են նախապատրաստվում։