Սթափվե՛նք ու դուրս գանք «դատավորի պատմուճանից. Չէ՞ որ երեխայի հարց է. Մելիքյան
Advertisement 1000 x 90

Սթափվե՛նք ու դուրս գանք «դատավորի պատմուճանից. Չէ՞ որ երեխայի հարց է. Մելիքյան

«Սթափվե՛նք ու դուրս գանք «դատավորի պատմուճանից»։ Չէ՞ որ կարող ենք սխալված լինել՝ փաստերին չտիրապետելով ու մանիպուլյացիաների ենթարկվելով։ Չէ՞ որ երեխայի հարց է»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«ԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ

Մի քանի օր է, ինչ հայկական ֆեյսբուքը հերթական անգամ դատավորի դեր է ստանձնել ու ողջ ուժով դատափետում է «պակիստանցի կնոջը»՝ իր բալիկի հանդեպ մանկապարտեզում բռնություն ու ստորացուցիչ վերաբերմունք դրսևորելու մասին իբր կեղծ ահազանգ հնչեցնելու համար՝ իբր «Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով»։

Արշավին միացել են նաև իմ կողմից հարգված մարդիկ, ոստի խղճիս առջև չմեղանչելու նպատակով պարտավոր եմ ինձ հայտնի մի քանի հանգամանք ներկայացնել։ Աղբյուրը մայրն է, որն ինձ հետ զրուցել է դեռ մոտ երկու ամիս առաջ։

Նախ, երեխայի մայրը հայ է, հայրը՝ պակիստանցի։ Նրանք ամուսնալուծված են, և հայրը, որ այլևս Հայաստանում չի բնակվում, փորձում է դատական կարգով երեխաների խնամակալությունը մորից վերցնել իրեն։

Երկրորդ, վերը նշված փաստի ուժով մայրը ԲԱՑԱՐՁԱԿ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ քրգործի հանգամանքների հրապարակայնացմամբ։ Նա՛ չէ լուրը փոխանցել լրատվականներին։

Երրորդ, իրավապահների մոտ հաղորդումը գրել է մայրը՝ երեխայի պատմածի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում բողոքելուց հետո։ Հենց այդ վարչությունից են խորհուրդ տվել (և սխալ չեն արել), որ դիմի ոստիկանություն։
Չորրորդ, Գերմանիյում կամ որևէ այլ երկրում ապաստան հայցելու մասին լուրը ԿԵՂԾ Է։

Հինգերորդ, այսպիսի զգայուն դեպքերը շատ մեծ նրբանկատություն են պահանջում։ Պե՛տք չի վաղաժամ դատափետել ոչ մի կողմի։ Թո՛ղ քննությունը պարզի եղելությունը՝ իրակա՞ն է բալիկի պատմածը, թե՞ ֆանտազիայի արդյունք։ Կան մասնագետներ, որոնք պետք է աշխատեն և եզրակացություն տան։

Վեցերորդ, երկու երեխաների միայնակ ու անպաշտպան մայրը վերջին օրերին ենթարկվել է չափազանց մեծ ճնշման – միայն այն պատճառով, որ համարձակվել է ընթացք տալ իր երեխայի պատմած ահավոր պատմությանը։ Բա ի՞նչ աներ, հարգելի դատավորներ։ Ի՞նչ աներ այդ կինը։

Յոթերորդ, պետք է պարզել՝ ով է հրապարակել այս լուրը։ Դա պարզապես անընդունելի է։ Դրա պատճառով թիրախավորվել են թե՛ երեխան, թե՛ մայրը, և թե՛ մանկապարտեզն ու դաստիարակը։

ՀԳ. Գիտեմ, որ այս մարդկանց հրապարակավ պաշտպանելով՝ շատերի քննադատությանը կարժանանամ։ Բայց ինձ դա քիչ է հուզում. կարևորն այն է, որ խիղճս չի տանջի ու հայելու մեջ նայելիս ամոթ չեմ զգա»,-գրում է Մելիքյանը:



Նման նյութեր