Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օրերս Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, որը հանդիսանալու է մասշտաբային ծրագրի հիմք: Այս մասին գրված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում :
Ծրագիրն իրագործելու է «Իմ Քայլը» հիմնադրամը և մեկնարկը կտրվի Շիրակի մարզում: Այն ուղղված է լինելու 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին: «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն» է, որի ընթացքում շիրակցի տղաները կկարողանան մասնագիտական հմտությունները զարգացնելով առաջիկայում իրենց ճիշտ տեղը գտնել աշխատաշուկայում:
Ի դեպ, նախօրեին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ մարզպետն արդեն զրուցել է աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: Մարզպետարանի ու հիմնադրամի աշխատակիցներն արդեն ակտիվ կապի մեջ են ծրագիրն իրագործելու նպատակով:
Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Նազելի Բաղդասարյանն այցելել են նաև «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն, որից հետո եղել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել ուսումնառության մեջ գտնվող երեխաների հետ:
Այցի ավարտին տիկին Հակոբյանն ու մարզպետն հանդիպել են նաև Ադրբեջանում պահվող շիրակցի գերեվարված տղաների մայրերի հետ»: