Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Բոլոր ժամանակներում մեր նպատակն է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, հետևաբար` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Փաշինյանի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին հայտարարության հետքերով:
Այս հայտարարության հետ կապված մի քանի նկատառում եմ առանձնացրել:
Վարչապետը նախապատրաստում է մեզ` հայ հասարակությանը, նշյալ փաստաթղթի շուրջ ապագա քննարկումների մեկնարկին, ինչի մասին բազմիցս հնչեցվել է Ադրբեջանի նախագահի կողմից:
Թե ինչ է կարելի սպասել այսպես կոչված «Խաղաղության պայմանագրից» Ադրբեջանի հետ, կարծում եմ, որ այս ժամանակաշրջանում և այս բանակցողների հետ հայկական կողմը դժվար թե կարողանա առաջ տանել հայկական շահը:
Հենց նույն վարչապետը նույն օրը, պատասխանելով մեկ այլ հարցի, ասել է մի նախադասություն, որը բնորոշում է Ադրբեջանի հետ հարաբերությունների և բանակցությունների ողջ էությունը. «Այնպես չէ, որ մեր առաջարկը 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար», – ասել է վարչապետը:
Այնինչ, հայկական կողմը ներկայացնող բանակցողի գերնպատակը պետք է լինի հայկական շահի լիարժեք ներկայացումն ու հետևողական պաշտպանությունը: Եվ քանի դեռ չկա Արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորումը, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակը, քանի դեռ Ադրբեջանի հետ ուղղակիորեն բանակցողը հենց կապիտուլյացիա ստորագրողն է, վստահ եմ, որ որևէ փաստաթղթի շուրջ բանակցությունները ժամանակավրեպ են:
Վարչապետը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
Բոլոր ժամանակներում մեր նպատակն է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, և որպես դրա հետևանք` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Այս նպատակի իրականացման տարբեր գործիքներ են քննարկվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացված բանակցությունները ունեն բովանդակություն և ոչ թե միայն վերջնանպատակ: Այսօր ոչ միայն չկա հայկական կողմերի դիրքորոշման բավարարումը, այլև այս պահին չկա բանակցային գործընթաց:
Այս պայմաններում խոսել Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթի մասին առնվազն վտանգավոր արկածախնդրություն է»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10216358012141343