ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ռազմական դրության պայմաններում, ընթացող մարտական գործողություններում ընդգրկվելուց խուսափելու նպատակով ՊԲ N զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վ․Կ․-ն ու Ն․Ա․-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել միմյանց օժանդակությամբ իրենց առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) միջոցով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը։
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, այդ նպատակով 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ժամը 02:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի հարևանությամբ Ն.Ա․-ն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Վ.Կ․-ի ձախ ուսի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս, այնուհետև վերջինս իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել ՆԱ․-ի աջ սրունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, որոնք հանգեցրել են նրանց զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Վ.Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով, 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ն․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով, 363-րդ հոդվածի 5-րդ մասով և 117-րդ հոդվածով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, 2022 թվականի փետրվարի 9-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: