Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հրավիրվել է հարցաքննության՝ «ծանր վիրավորանք»-ի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում։
«Այս անգամ գործը վերաբերում է Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ելույթին։
Այդ փաստի առթիվ հարուցված քրգործով պարոն Ղազարյանը հրավիրված է որպես… վկա։ Ոչ թե «կասկածյալ-վկա» (այսպես կոչված՝ «Էկլեի վկա»), այլ պարզ, հասարակ վկա։ Երևի պատճառն այն է, որ վկա Ղազարյանը շատ լավ ճանաչում է ապագա մեղադրյալ Ղազարյանին։
Մի խոսքով՝ հերթական գործը, որը «փայլուն» ապացուցում է Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացը»։
Հարցաքննությունը՝ առաջիկա երկուշաբթի օրը։
ՀԳ. Այս խայտառակության համար մեծապես պատասխանատու է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Վիկտորինի գլխավորությամբ։ Նրանց լռությունը քպ-ականներն ընկալում են որպես «ժողովրդավարության նոր առաջընթացների» կանաչ լույս»,- գրել է Մելիքյանը։