Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ «Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ: 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինը՝ 68 տոկոսից կազմելով 37 տոկոս: Ավելացել է նաև հավի մսի իրացման առաջնային շուկայում գործունեություն ծավալողների թիվը՝ 2018 թվականին՝ 60 տնտեսվարող, 2020 թվականին՝ 66: 2015-2020 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, այնուամենայնիվ հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ 30 տոկոս: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման և ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, և հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030 թվականին աշխարհում մսի արտադրության և իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ երկու տարի առաջ տեղական արտադրության ընդլայման համար նախադրյալներ են ստեղծվել, երբ կառավարությունը սկսել է աջակցության ծրագրերը, սակայն դրան զուգահեռ՝ ԵԱՏՄ-ի դրույքաչափերը չպետք է նվազեցնեին, այլ գնային հավասարվեինք, և 2022 թ. արդեն ԵԱՏՄ դրույքաչափերով աշխատեին։
«Հավի մսի միջին տարեկան աճը 6.2-6.8 տոկոս է կազմում՝ 10 տարվա կտրվածքով: Դա ներդրումների արդյունքն է՝ 2015-2019 թվականները ներառյալ: Հավի միս չենք արտահանում, ինքնաբավ ենք: Գիտեք, մեզ արտահանել պետք չէ, պետք է տեղական շուկան ապահովենք, ուղղակի դանդաղ տեմպերով ենք առաջ շարժվում: Տեղական արտադրողներն ունեն ներուժ՝ թարմ թռչնամսով ապահովելու ամբողջ ներքին շուկան, սակայն ներկրված էժան թռչնամսի հետ մրցակցել չեն կարող։ Ուստի, պետք է թռչնանոց գործարկել և ավելացնել ծավալները, հակառակ դեպքում անընդհատ ներկրելու ենք այդ բրոյլերի ճտերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը հիշեցրեց՝ ամբողջ աշխարհում շարունակում է տարածվել թռչնագրիպը, և մի շարք երկրներից թռչնամիս ներկրել հնարավոր չէ:
«Մինչև ապրիլի 1-ը Ռուսաստանը, Իրանը թույլ չեն տալիս արտահանել՝ կարանտին է: Բրազիլիայից բերում ենք, բայց քչացել է դա, ավելի շատացել է Ուկրաինայից ներկրումը՝ կազմելով մոտ 55 տոկոս, քանի որ զրոյական դրույքաչափով են բերում, օգտվում են արտոնություններից: Եթե տոհմային տնտեսությունը հիմնենք՝ ճտի ներկրման 60 տոկոսը կկրճատվի»,- նշեց նա:
Սերգեյ Ստեփանյանն ադրադարձավ նաև թռչնամսի շուկայում հնարավոր գնաճին՝ նշելով. «Ամբողջ աշխարհում թռչնի մսի գինը երկու տարում բավականին բարձրացել է: Կրկնակի թանկացել է նաև կերը: Ինչ վերաբերում է թռչնամսի թանկանալուն, ապա զսպում ենք՝ ինչքան հնարավոր է. ամեն դեպքում դեռևս կոմունալ ծախսերը չենք հաշվել»:
Անի Կարապետյան