«Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը Հնաբերդ գյուղից 6 քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Մախմուդովի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմանում, Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչը՝ 61-ամյա Արմենակ Եգոռյանը, բենզինի պլաստամասե կիսադատարկ շիշը այրելու նպատակով գցել է տան վառարանի մեջ, ինչի հետևանքով վառարանի խցիկում պայթյուն է առաջացել, որի հետևանքով վնասվել է տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, ով Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը և թոռները՝ 6-ամյա Մանե Օ-ն, 7-ամյա Սևակ Օ-ն, 7-ամյա Կամո Ե-ն «դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվաքներ են ստացել:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ըստ աղբյուրի՝ «Ծաղկահովիտ» և «Ապարան» բժշկական կենտրոնների բժիշկների օպերատիվ, ճիշտ ու սրտացավ աշխատանքների՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։