«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հերքում է, թե իր մասնակցությամբ 2020թ դեկտեմբերին տեղի ունեցած ԱԽ նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։ Մարուքյանը հայտարարում է, որ նման քննարկում իրենց մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել։ Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հերթական շառը
Սոֆիա Հովսեփյանը 5-րդ ալիքի եթերում հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի 2020թ. դեկտեմբերին տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը (խոսքն իհարկե իմ մասին է; ընդ որում՝ նույն նիստերին ներկա է գտնվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը), իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման քննարկում մեր մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել, այսինքն` հայտարարությունը բնականաբար սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆիա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտը ակտիվորեն տարածող տելեգրամյան ալիքներն ու կայքերը։
Զարմանալի է հետպատերազմյան շրջանում Սոֆիա Հովսեփյանի մեղադրանքները լսելը, քանի որ տիկին Հովսեփյանը լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միայն 2021թ. հունվարի 09-ին, ինչը նշանակում է, որ նա «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում թե՛ մինչպատերազմյան շրջանի, թե՛ պատերազմի ընթացքի և թե՛ հետպատերազմյան շրջանի համար։
Վստահ ենք նաև, որ եթե պատերազմը չպարտվեինք, տիկին Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ և կվայելեր իշխանության բարիքները»։