Ժամանակակից աշխարհը հեղեղված է տարատեսակ տեղեկատվական հոսքերով։ Շատ հաճախ չափազանց դժվար է պարզել, թե որտեղ է ներկայացված տեղեկատվությունը ճիշտ, և որտեղ է այն կեղծ․ դրա համար էլ պետք է անընդհատ զարգացնել քննադատական մտածողության հմտությունները:
Վերջերս գիտնականների միջազգային խումբն անց է կացրել հետազոտություն, որի նպատակն էր պարզել, որ պարագայում է հեշտ համոզել մարդկանց նույնիսկ բացահայտ անհեթեթության ճշմարտացիության մեջ: Պարզվեց, եթե որևէ խոսքեր վերագրում են հայտնի գիտնականի կամ հոգևոր առաջնորդի, ապա մարդկանց մեծամասնությունը հակված է հավատալ այդ խոսքերի ճշմարտացիությանը և «իմաստություն» տեսնել դրանց մեջ: Բացի այդ փորձը ցույց տվեց, որ նշանակություն չունի՝ արդյոք մարդիկ հասկացել են ասվածի էությունը, թե չեն էլ փորձել դա անել։
Գիտնականներն օգտագործել են New Age Bullshit Generator ալգորիթմը՝ «խորաթափանց» ասույթներ ստեղծելու համար։ Ալգորիթմը ստեղծում է առաջին հայացքից իմաստուն տեսք ունեցող նախադասություններ և արտահայտություններ, որոնք պարունակում են բազմաթիվ «խելացի» բառեր։ Օրինակ՝
- Այս կյանքը ոչ այլ ինչ է, քան միջգալակտիկական բնույթի վերասահմանող աղբյուրը: (This life is nothing short of a redefining fount of intergalactic nature․)
- Գիտակցությունը բաղկացած է քվանտային էներգիայի ռեզոնանսային կասկադից։ «Քվանտ» նշանակում է բարձրագույնի ազնվացում։ Ծաղկելիս մենք դողդողում ենք: (Consciousness consists of a resonance cascade of quantum energy. “Quantum” means an ennobling of the higher. By flowering, we vibrate.)
- Ներկայիս ժամանակի բարդությունը, կարծես թե, պահանջում է, որ մեր հոգիները բացենք, եթե ցանկանում ենք գոյատևել: (The complexity of the present time seems to demand an unfolding of our souls if we are going to survive.)
Թվում է, թե ինչ-որ խորիմաստ խոսքեր են, բայց իրականում այս նախադասությունները դատարկաբանություն են:
Գիտնականները ալգորիթմի կողմից ստեղծված ասույթները վերագրել են տարբեր հայտնի գիտնականների և հոգևոր առաջնորդների, այնուհետև ցույց տվել դրանք 24 երկրներից 10 195 մարդկանց։ Հետազոտության մասնակիցներին խնդրել էին լրացնել իրենց կրոնականութան աստիճանը որոշող հարցափերթիկ, այնուհետև գնահատել ասույթներից յուրաքանչյուրի արժանահավատության աստիճանը:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց 76%-ը նույնիսկ ամենաբացահայտ անհեթեթությունն ընդունում է որպես ճշմարտություն, եթե դրա «հեղինակը» հայտնի գիտնական է: Հոգևոր առաջնորդների «ասույթներն» արժանացել էին վստահության մարդկանց 55%-ի մոտ։ Ընդ որում թե՛ հավատացյալ, թե՛ աթեիստ մարդիկ ավելի շատ հավատում էին գիտնականների «ասածներին», քան հոգևոր առաջնորդների:
Հետազոտության հեղինակները բացատրում են ստացված արդյունքները էվոլյուցիոն տեսանկյունից, քանի որ վստահությունը այնպիսի հեղինակությունների հանդեպ, ինչպիսիք են ուսուցիչները, բժիշկները և գիտնականները, հարմարվողական ռազմավարություն է, որն ապահովում է արդյունավետ մշակութային ուսուցումն ու գիտելիքների փոխանցումը: Այսինքն, եթե տեղեկատվության աղբյուրը վստահելի է համարվում, ապա մարդիկ պատրաստ են հավատալ այդ աղբյուրի կողմից արված հայտարարություններին՝ նույնիսկ երբ չեն հասկանում այդ հայտարարությունների իմաստն ու նշանակությունը։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը