«Քննիչ հանձնաժողովի նիստերը դեռ նոր են մեկնարկում, սակայն ժամանակից շուտ, սցենարը, մեղադրական սլաքները, թիրախներն արդեն տեսանելի են:
Հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անդամների վարքը և նպատակները պարզ են, սակայն կարճ կանդրադառնամ դրան մասնակից որոշ արտախորհրդարանական ուժերի մասնակցությանը:
Մասնակից, այսպես կոչված, արտախորհրդարանական ուժերը, հետընտրական ժամանակահատվածում, համագործակցության ֆորմատ են ձևավորել Նիկոլ Փաշինյանի հետ և ամենատարբեր հարցերի շուրջ հանդիպում են, քննարկումներ անում, համագործակցում, մտահոգություններով կիսվում և այլն:
Ավելին՝ դրա մասնակիցներից Սամվել Բաբայանը 2020 թվականի պատերազմի օրերին եղել է դերակատար՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակով և գտնվել է ՊԲ հրամանատարական կետում:
Նրա՝ այդ կետում՝ բունկերում, գտնվելն արդեն ընդգծում է նրա որոշակի կարգավիճակը պատերազմական գործողություններում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ մամուլում բազմիցս գրվել է նրա՝ այս կամ տապալված օպերացիայի նախաձեռնող կամ մասնակից լինելու մասին: Դրա մանրամասների, ինչպես նաև՝ պատերազմի հանգամանքների մասին հանրությունը ամբողջությամբ կիմանա, երբ այս իշխանությունը այլևս չի լինի և օբյեկտիվ քննության վրա ազդելու լծակներ չի ունենա:
Այսինքն՝ մի կողմից առկա է Փաշինյանի հետ համագործակցության ձևաչափ՝ որպես արտախորհրդարանական ուժ և պատերազմի ժամանակ ԱԽ քարտուղարի կարգավիճակ:
Այս դեպքում առհասարակ կարևոր չի, թե ինչ մասնագիտական հնարավորություն ունի, ինչ ճանապարհ է անցել: Այս պահին դա չեմ քննարկում, որովհետև իմաստ էլ չունի:
Օբյեկտիվության տեսանկյունից Բաբայանը մասնակից է և չի կարող իր մասնակցությամբ գործողությունները որպես անկողմնակալ փորձագետ, քաղաքական գործիչ, խորհրդատու որոշել իր կամ իր թիմակիցների քաղաքական կամ իրավական պատասխատվության չափը:
Այսօր լրագրողերի հետ զրույցում Բաբայանը նշում էր՝ «ձեզ հասարակ հարց եմ տալիս Արցախի բանակի հրամանատարին ու Շտաբի պետին , ովքեր որոշողներն էին, նշանակել ա Փաշինյանը, հարց է առաջանում ու՞մ առաջարկությամբ , ուզում ենք ճշտել, պարզվում ա, որ առաջարկել են գործող իշխանությունը` նախագահ Բակո Սահակյանը ու իր Տիգրան Աբրահամյանը, որը խորհրդական էր ռազմական գծով»։
Թե բա պարզվում է… Փաշինյանն է՞ ասել, թե՞ նշանակվող ՊԲ հրամանատարներն ու շտաբի պետերը, որ «պարզել է»:
Արցախի և Հայաստանի պետական կառավարման համակարգերը, նրանց գործակցությունը, ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ համագործակցության առանձնահատկությունները իմացող մարդը, եթե նման բան է ասում, ապա նշանակում է, որ ունի մեկ նպատակ՝ մոլորեցնել հանրությանը:
Իմ համար մեծ պատիվ կլիներ, եթե ես որևէ փուլում, թեկուզ ապագայում պատիվ ունենայի ազդեցություն ունենալ ՀՀ կամ Արցախի պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբերի պետերի նշանակման հարցում, բայց, ցավոք, իմ առաքելությունն այլ գործառույթներով է սահմանափակվել, որի մասին գիտեն շատ շատերը:
Իմ համար, իհարկե, խնդիր չի, որ իմ համեստ անձը քննարկվում է անչափ պատասխանատու գործառույթներ ունենալու համատեքստում, սակայն իրականությունն այլ բան է և ես արձագանքում եմ զուտ թույլ չտալու, որպեսզի մարդկանց ստեն, շեղեն պատերազմի իրական հանգամանքներից և վերջապես մարդկանց հույզերի հետ չհամարձակվեն խաղալ»: