«Իրավունք» թերթը գրում է.
«Շենգավիթ շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Նիկոլ Փաշինյանի, Լիլիթ Մակունցի եւ Արմեն Գրիգորյանի գործով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հերթական դատական դռնբաց նիստը հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Գառնիկ Իսագուլյանը չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Իսկ առանց ամբաստանյալի` գործի քննությունը չեն կարող շարունակել, հետեւաբար այն ենթակա է հետաձգման:
Պարզվում է` արդեն երկու ամիս կալանքի տակ գտնվող Գառնիկ Իսագուլյանն ունի սրտխառնոց, գլխապտույտ` պայմանավորված ճնշման տատանումներով:
«Իրավունքի» հետ զրույցում Գ. Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանն ասաց, որ մինչեւ դատական նիստը տեղյակ չէր «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահի առողջության վատթարացման մասին:
– Դատավարությունը հստակ սահմանում է, որ առողջական խնդիրների հիմքով իրավունք ունենք միջնորդելու խափանման միջոցի փոփոխման համար: Միանշանակ, անմիջապես հետամուտ կլինեմ դրան: Ես գիտեի, որ նա ճնշման խնդիրներ ուներ, բայց ինձ թույլ չէր տալիս բարձրաձայնել այդ մասին: Բայց եթե բանը հասել է նրան, որ չի կարողանում անգամ դատական նիստին գալ, եւ բժիշկն էլ գտնում է, որ նպատակահարմար չէ, նշանակում է` առողջական խնդիրը լուրջ է»: