«Արմաթն օդում»․ Գյումրիում բացվել է ԱԹՍ-ների ստեղծման և կառավարման աշխատանոց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արմաթն օդում»․ Գյումրիում բացվել է ԱԹՍ-ների ստեղծման և կառավարման աշխատանոց

Գյումրիում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց։ Այն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի առաջին կրթական ծրագիրն է Գյումրիում։ 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից հնարավորություն կունենան սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի կրթական ծրագրի իրականացման համար ընտրվել է Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցը, բայց այն աշխատանոց է մարզի 15-18 տարեկան այն դպրոցականների համար, որոնք նախընտրում են ԱԹՍ-ների ստեղծմամբ և կառավարմամբ զբաղվել։ Անօդաչու թռչող սարքերի ծրագրում ընդգրկվողների թիվն այս պահին էլ քիչ չէ։ Իսկ բնագիտական գիտելիքների որոշակի պաշարը կարևոր է։

«Արմաթն օդում» ծրագիրը յուրացնելու համար նախ կստանան տեսական գիտելիքներ, 3-4 ամիս անց դպրոցականները կկարողանան իրենց ստեղծարար միտքը կիրառել նոր սարքեր ստեղծելու, փորձարկելու և ղեկավարելու համար։

«Ստեղծված են բոլոր պայմանները երեխաների տեխնոլոգիական կրթությանը զարկ տալու համար։ Այստեղ ներկայացված են տարատեսակ թռչող սարքեր՝ սկսած պարզագույն սխեմատիկ  մոդելներից, որոնք սկզբում են իրենք են պատրաստելու՝ նախանշված գծագրերով, վիդեոդասերով, այնուհետև նոր կարողանալու են ավելի բարդ մոդելներ նախագծել և ստեղծել»,- ասել է «Արմաթն օդում» ծրագրի համակարգող Խաչատուր Թադևոսյանը։

Գյումրիում անօդաչուների պատրաստման «Արմաթ»-ի առաջին աշխատանոցն է։ Այստեղ նաև արհեստական բանականության ստեղծման հիմք է դրվելու, երեխաների ստեղծած անօդաչուները կլինեն հեռակառավարվող և ինքնակառավարվող։ Արհեստական բանականության կիրառումն այս դեպքում կանխում է անօդաչու սարքերի կառավարումն անձանց կողմից։

Մի քանի օրից աշխատանոցը կսկսի իր ուսումնական ծրագրերը, իսկ այն ինչ այսօր ցուցադրական էր, զարմացրեց դպրոցականներին։ Նրանց հետաքրքրությունները կկարողանան ամբողջանալ, երբ նրանք էլ կդառնան «Արմաթ»-ի սան։ Մասնագետները համոզված են, որ ապագայում անօդաչու թռչող սարքերի մեծ կիրառությունը կլինի խաղաղ ժամանակահատվածի համար և կդառնան առաջնային փոխադրողներ։

shantnews.am