Ավիաընկերությունները չեղարկել են այսօր նախատեսված թռիչքները Երևանից դեպի Կրասնոդար, Սոչի և Կիև ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի՝ Երևանից երկու չվերթ էր նախատեսված Կրասնոդար։ Pegasus Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է Երևանից մեկներ 19:05-ին, իսկ Azimuth-ը` 23:25, Երևան-Կիև չվերթը 20:40-ին էր նախատեսված, իսկ Pegasus Airlines-ը Սոչի պետք է թռչեր 20:55-ին:
«Այս պահին պաշտոնապես չեղարկվել են դեպի Կիև, Սոչի և Կրասնոդար ուղղությամբ չվերթերը»,- ասաց Աղաբեկյանը։
Թռիչքների ցուցակում այլ փոփոխություններ դեռ նախատեսված չեն։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանում մի շարք օդանավակայանների թռիչքներ ժամանակավորապես դադարեցվել են:
Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել է Ռոստով (Պլատով), Կրասնոդարի (Պաշկովսկի), Անապայի (Վիտյազևո), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Բացի այդ, փակվել է Ուկրաինայի օդային տարածքը։