Բաց նամակ ՀՀ Մշակույթի նախարարին`
Շրջագայում էի Եվրոպայի մի շարք քաղաքներով: Օրակարգումս արդեն մեկ ամիս առաջ ծրագրել էի նաև հաճախել դասական մի համերգի, որտեղ ելույթ էր ունենալու ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը: Այնպես էր ստացվել, որ համերգային ծրագրից հետո ինձ բախտ վիճակվեց զրույց ունենալ այդ բարձրակարգ նվագախմբի անդամներից մեկի հետ: Ի դեպ, ես ոչ երաժիշտ եմ, ոչ էլ երաժշտության գիտակ, բայց միշտ գնահատում և սիրում եմ ունկնդրել բարձրորակ կատարումներ: Մի խոսքով, նշված զրույցի ընթացքում ցանկացա հպարտանալ և անգամ պարծենալ, որ նրանց նաև ղեկավարել է իմ հայրենակիցը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Սակայն, մեծ ցավ ապրեցի, երբ այդ երաժիշտը ասեց, որ նման անունով անձնավորություն երբևէ իրենց նվագախմբին չի ղեկավարել:
Նման տհաճ իրավիճակում հայտնվելուց հետո, որոշում կայացրեցի ուսումնասիրել Է. Թոփչյանի կենսագրությունը, որը վերցրել եմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից (հետազոտությունս սկսել եմ 22/07/2015): Դիրիժորի կենսագրության մեջ նշված է ճանաչված կոլեկտիվների մի ամբողջ շարք: Ցանկից ընտրեցի հետևյալ ամենահայտնի 10 նվագախմբերը և հարցում ուղարկեցի տվյալ տեղեկության պաշտոնական հաստատման խնդրանքով:
- Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբ/Philharmonic Cologne
- Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբ/Frankfurt Opera
- Շտատսֆիլհարմոնի Ռեյնհարթ-Ֆալց/Staatsphilharmonie Rheinland-Pfalz
- Օպերա Մոնտե-Կառլո/Opera Monte Carlo
- Սիենա փառատոնի նվագախումբ/Siena Festival Orchestra
- Իսրայելի ազգային ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ/Israel National Radio Symphony Orchestra
- Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբ/Gulbenkian Symphony Orchestra
- Պրահայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ/Prague Radio Symphony Orchestra
- Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբ/Seoul Philharmonic Orchestra
- Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ/Slovak Radio Symphony Orchestra
Դժվար է հավատալ, բայց բոլոր 10 նվագախմբերը պաշտոնապես հերքել են, որ Է. Թոփչյանը ելույթ է ունեցել իրենց նվագախմբերի հետ:
Ավելին, դիրիժորի կենսագրության մեջ նշված է, որ նա ղեկավարել է Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սակայն նման անվանմամբ նվագախումբ գոյություն չունի (Այս տեղեկությունը հիմնված է Քյոլնի ֆիլհարմոնիայի տվյալների բազայի վրա): Անգամ եթե կենսագրության մեջ պարզապես սխալ ձևակերպում է շարադրվել, և խմբագիրը նկատի ուներ, որ պրն. Թոփչյանը ելույթ է ունեցել Քյոլնի ֆիլհարմոնիայում, ապա այդ տեղեկությունը նույնպես պաշտոնապես հերքվել է՝ նա երբևէ ելույթ չի ունեցել այդ համերգասրահում:
Դուք կարող եք հարցնել, իսկ ինչու՞ ես չեմ հրապարակել այս ամենը ավելի շուտ՝ հարցման պատասխանները ստանալուց անմիջապես հետո: Դուք իրավացի եք, սա կարելի էր ավելի շուտ հասցնել ժաղովրդին, որին բառացիորեն խափում են արդեն 15 տարի՝ ներկայացնելով ինքնահռչակված դիրիժորին, որպես “ականավոր” (նույն կայքում նրա կենսագրության անգլերեն տարբերակի մեջ, նա իրեն անվանում է outstanding conductor): Բայց նախկին նախարարին դա չէր հետաքրքրում, քանի որ նա վախենում էր ավելորդ խոսակցություններից՝ բոլորս գիտենք, որ նրա դասական երաժշտության ասպարեզում յուրաքանչյուր նախաձեռնություն կապվում էր նրա ամենամտերիմ ընտանիքի հետ: Իսկ հիմա ես մեծ հույսեր ունեմ նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից: Նա չունի այդպիսի խնդիր և միշտ խոսում է արդարության մասին.
Եվ այսպես,
Մեծարգո պարոն Նախարար,
Հույս ունենալով, որ դուք այս հարցմանը ուշադրություն կդարձնեք ու արդարության տարրը կմցնեք մեր մշակույթի մեջ, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը իմ անցկացրած հարցման պատասխանները.
- Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբ/Philharmonic Cologne
Հարգելի պրն. Հարությունյան,
Տեղեկությունը, որ Էդուարդ Թոփչյանը ելույթ է ունեցել Քյոլնի ֆիլհարմոնիայում, ցավում ենք, բայց ճիշտ չէ: Մինչ օրս նա երբևէ մեր համերգասրահում որևէ նվագախմբի չի ղեկավարել:
Ինչպես նաև հայտնում ենք, որ Քյոլնում կան շատ նվագախմբեր, սակայն նրանցից ոչ մեկը չի կրում “Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախումբ” անունը:
- Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբ/Frankfurt Opera
Հարգելի պարոն,
Ինձ տեղեկություն ճշտելու հարցում է ներկայացվել պրն. Էդուարդ Թոփչյանի՝ Ֆրանկֆուրտում կայացած ելույթների վերաբերյալ: Ինձ ընդամենը հաջողվեց տեղի օրաթերթերից մեկում գտնել ինֆորմացիա, որ Էդուարդ Թոփչյանը 2010թ. նոյեմբերի 29-ին ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին «Ալտե Օպեր Ֆրանկֆուրտ» համերգասրահում: Մեր արխիվում որևէ նյութեր չկան, որտեղ նշված լինի, որ նա երբևէ ղեկավարել է Ֆրանկֆուրտ Օպերայի նվագախմբին:
Հուսով եմ՝ կարողացա օգտակար լինել:
Հարգանքով՝
Էրժեբեթ Տրաուց
- Շտատսֆիլհարմոնի Ռեյնհարթ-Ֆալց/Staatsphilharmonie Rheinland-Pfalz
Հարգելի Դավիթ Հարությունյան,
Ցավոք, ստիպված եմ հերքել նման տեղեկության հավաստիությունը:
Հարգանքով՝
Ջեսիկա Լամեր
- Օպերա Մոնտե-Կառլո/Opera Monte Carlo
Ինչպես հայտնեցի Ձեզ հեռախոսազրույցի ընթացքում, Էդուարդ Թոփչյանը երբեք մեր նվագախմբին չի ղեկավարել:
Հարգանքով՝
Ջ. Գաբրիելի
- Սիենա փառատոնի նվագախումբ/Siena Festival Orchestra
Հարգանքներս:
Այդ անունը մեր փառատոնի հետ որևէ կապ չունի:
Շնորհակալություն,
Գլխավոր տնօրեն
- Իսրայելի ազգային ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ/ Israel National Radio Symphony Orchestra
Հարգելի պարոն Հարությունյան,
Հայցում եմ Ձեր ներողամտությունը պատասխանն ուշ ուղարկելու համար:
Մենք ևս մեկ անգամ վերստուգեցինք Ձեր ներկայացրած տեղեկությունը, սակայն, ցավոք, որևէ տեղեկություն չգտանք պրն. Թոփչյանի հետ ելույթի վերաբերյալ:
Հարգանքով՝
Յեյր Սթերն
- Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբ/Gulbenkian Symphony Orchestra
Հարգելի պրն. Հարությունյան,
Ես ստուգել եմ մեր տվյալների բազան և չեմ գտել տեղեկություն, որ Մաեստրո Թոփչյանը երբևէ ղեկավարել է մեր նվագախումբը: Ցավում եմ, բայց նա որպես հրավիրյալ դիրիժոր ելույթ չի ունեցել այստեղ:
Լավագույն մաղթանքներս՝
Մոնսերատ
- Պրահայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ/Prague Radio Symphony Orchestra
Հարգելի պրն. Հարությունյան,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ մեր բազայում չկան տվյալներ, որ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը երբևէ ղեկավարել է Պրահայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը: Ստուգումն անց է կացվել մեր PR-մենեջերի և արխիվի աշխատակիցների կողմից : Ցավում եմ, բայց նման տեղեկություն գոյություն չունի:
Շնորհակալություն հետաքրքրության համար:
Հարգանքով՝
Ռոբերտ Սկարդա
- Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբ/Seoul Philharmonic Orchestra
Հարգելի պրն. Հարությունյան,
Ես Յունա Քիմն եմ, Սեուլի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական անձնակազմի ղեկավարը: Ես ստուգել եմ մեր տվյալների բազան (2005-2015թթ.), սակայն չկարողացա գտնել ինֆորմացիա Մաեստրո Թոփչյանի վերաբերյալ:
Հուսով եմ՝կարողացա օգտակար լինել:
Շնորհակալություն,
Յունա
- Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբ/Slovak Radio Symphony Orchestra
Հարգելի Դավիթ Հարությունյան,
Վերջին 8 տարիների ընթացքում պրն. Էդուարդ Թոփչյանը Սլովակիայի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբին չի ղեկավարել:
Հարգանքով՝ Զուզանա Ադամկովիցովա
Հուսով եմ, որ հետամուտ կլինեք իմ նամակին և կարձագանքեք՝ բացատրելով, ինչպես կարող է մեր երկրի ամենակարևոր երաժշտական կառույցի գեղարվեստական ղեկավար լինել մի մարդ, ով կենսագրության առաջին իսկ տողից ստում է իր հանդիսատեսին:
Ես զրուցել եմ Օհան Դուրյանի այրի՝ Ալիս Դուրյանի հետ, ով ինձ հայտնեց, որ “Մաեստրոն” միայն մեկ անգամ է այցելել Դուրյանի դասին և համարել, որ Դուրյանից սովորելու ոչինչ չունի:
Կարծում եմ Էդվարդ Թոփչյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի իր հանդիսատեսից և, եթե իհարկե կարող է, ներկայացնի մեզ իր իրական կենսագրությունը:
Կցում եմ ձեզ նաև նվագախմբերից ստացված պատասխանների բնօրինակները, որոնցում կարող եք տեսնել բոլոր այդ նվագախմբերի էլեկտրոնային հասցեները և, եթե ցանկություն ունենաք, կարող եք կարգադրել ձեր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին, որ իրենք նույնպես դիմեն այդ կառույցներին հարցումով:
Հարգանքներով,
Դավիթ Հարությունյան