Մինչ մեդիաբնագավառի փորձագետները բանավիճում են լրագրողի մասնագիտության ապագայի շուրջ, իսկ տասնյակ հազարավոր ուսանողներ ամբողջ աշխարհում ուսանում են պրոֆիլային ֆակուլտետներում, Չինաստանում մշակված Սյաո Նյան անունով ռոբոտ-թղթակիցը տեղական օրաթերթում հրապարակել է իր դեբյուտային հոդվածը:
Ինչպես հայտնել է China News գործակալությունը, Սյաո Նյանի՝ 300 հիերոգլիֆներից բաղկացած հոդվածը լույս է տեսել Southern Metropolis Daily թերթում, որը թողարկվում է Գուանչժոու քաղաքում: Ռոբոտ-լրագրողն իր նյութը նվիրել է չինական մոտեցող Ամանորին՝ Չունցզեին, նախորդող ուղևորությունների բումին:
Հաղորդվում է, որ ռոբոտից մեկ վայրկյան է պահանջվել նյութն ավարտելու համար: Պեկինի համալսարանի պրոֆեսոր Վան Սյաոցզյունի խոսքով, որն զբաղվում է մեդիա-ռոբոտի մշակմամբ, Սյաո Նյանը կարող է գրել ինչպես կարճ, այնպես էլ բավականին երկարաշունչ տեքստեր:
«Հաստիքային թղթակիցների համեմատությամբ, Սյաոն տվյալները վերլուծելու և տեքստերն ավելի արագ գրելու զգալիորեն ավելի մեծ ունակությամբ է օժտված»,- նշում է պրոֆեսորը:
Սակայն, ինչպես հավելել է Վան Սյաոցզյունը, դա չի նշանակում, որ խելացի ռոբոտները մոտ ժամանակներս կկարողանան լիովին փոխարինել լրագրողներին: Ռոբոտները դեռևս չեն կարողանում հարցազրույց անցկացնել դեմ առ դեմ ձևաչափով և լրացուցիչ հարցեր տալ: Այնուամենայնիվ, պրոֆեսորը լավատեսորեն է տրամադրված նոր տեխնոլոգիաների ապագայի հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: