TikTok սոցիալական ցանցը ժամանակավորապես դադարեցնում է նոր բովանդակության տարածումը և ուղիղ հեռարձակման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։ Այս մասին ասվում է կիրակի օրը սոցցանցի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Կեղծ լուրերի մասին Ռուսաստանի նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան դադարեցնել ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակության հրապարակումը, քանի դեռ չենք գնահատել այս օրենքի անվտանգության հետևանքները»,– ասվում է հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, նշվում է, որ որոշումը չի ազդի հավելվածում հաղորդագրությունների փոխանակման գործառույթի վրա:
Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» նամակ էր հղել TikTok-ի ղեկավարությանը՝ պահանջելով բացատրել RIA Novosti լրատվական գործակալության պաշտոնական էջից հրապարակված լուրերը ջնջելու պատճառները։ Բացի դրանից, գործակալությունը նշել է, որ սոցցանցի վարչակազմի նման գործողությունները խախտում են տեղեկատվության ազատ հոսքի և դրա նկատմամբ հասանելիության հիմնական դրույթները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։ Ընդունված օրենքի համաձայն՝ ՌԴ Քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով, այն է՝ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների հրապարակայնացումը»։ Այն նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք՝ մինչև 1,5 մլն ռուբլի։ Միևնույն ժամանակ, օրենքի նման խախտումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքից օգտվելով՝ ինքնանպատակ դրդումներից ելնելով, քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիման վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև 5 միլիոն ռուբլի: Եթե կեղծ տեղեկատվությունը լուրջ հետևանքներ է առաջացրել, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 10-ից 15 տարի։