Կոտայքի մարզում, մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սամվել Պ.-ն ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ եղբորորդին՝ 35-ամյա Մհեր Պ.-ն եկել է իրենց տուն, ինչ-որ առարկայով հարվածել իր գլխին, որից հետո ինքը իր որսորդական հրացանից կրակել է վերջինիս հետույքին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սամվել Պ-ի եղբոր որդին՝ Մհեր Պ-ն, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով եկել է Սամվել Պ-ի բնակության վայր, փակել բակի դարպասը, այդ ընթացքում Սամվել Պ-ն բացել է տան պատուհանը, որի ժամանակ Մհեր Պ-ն ինչ-որ առարկայով հարվածել է նրա գլխին։
Այդ մասին ոստիկաններին հայտնել է Սամվել Պ-ն և ավելացրել՝ դրանից հետո ինքը իր տան չհրկիզվող պահարանից վերցրել է իրեն պատկանող «ԻԺ 58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը և կրակել Մհեր Պ-ի վրա։
Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն հետաքննիչին Մհեր Պ-ն հայտնել է, որ ինքը գնացել է նշված հասցե, որպեսզի պարզի, թե ինչու է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում Սամվելը իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ արել։ Ինքը թակել է դարպասը, սակայն ոչ ոք չի բացել, և երբ փորձել է հեռանալ, լսել է կրակոցի ձայն, ու զգացել է, որ իր աջ կողմի հետույքային մասում ստացել է հրազենային վիրավորում։ Նա հայտնել է նաև, որ երբ վայր է ընկել, իրեն է մոտեցել Սամվելը, սակայն ինքը չի հիշում՝ արդյո՞ք նրա ձեռքին հրացան եղել է, թե ոչ։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։