Փետրվարի 5-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի բենզալցակայանի վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գազալցակայանի աշխատակիցը հարակից տարածքում նկատել է երկու դիմակավորված անձանց, որոնցից մեկը մտել է սենյակ և ինքնաձիգով մեկ անգամ կրակել հատակին՝ պահանջելով փող, ապա դրամարկղից հափշտակել է մոտ 150000 դրամ և դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է գազալցակայանի վրա ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը:
Կասկածյալները՝ Գյումրի քաղաքի 27 և 31 տարեկան երկու բնակիչներ, մարտի 7-ին բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին, ապա ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 27-ամյա գյումրեցու տանը և ավտոտնակում: Հայտնաբերել է «ԱԿՄ-47» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, փամփշտատուփ՝ լիցքավորված չորս փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ, 1 մուրճ, 14 դանակ:
Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: