Պողոս Նուբար փաշա. հայ բարեգործության առաջին տաճարը…
Advertisement 1000 x 90

Պողոս Նուբար փաշա. հայ բարեգործության առաջին տաճարը…

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է հայ մեծ բարերար Պողոս Նուբարի կենսագրությունը:

«Հայ ժողովուրդը բարեգործների պակաս երբեք չի ունեցել: Աշխարհին հայտնի անուններ են Ալեքսանդր Մանթաշյանց, Միքայել Արամյանց, Պողոս Նուբար փաշա…
Սակայն եթե այլ դեպքերում մեծ բարեգործի մահից հետո նրա գործը որպես կանոն, շարունակող չի լինում, այլ է Պողոս Նուբարի պարագան. նրա հիմնած ՙՀայ բարեգործական ընդհանուր միությունը՚ փաստորեն, դարձավ հայ բարեգործության առաջին տաճարը…

Վերջինս մեծագույն բարեգործ լինելուց զատ միաժամանակ գյուտարար էր, գործարար, դիվանագետ… բայց, սկսենք արմատներից:

Նուբարյանների ընտանիքը ծագումով Արցախից է: Պողոս Նուբարի պապը` Մկրտիչ Մելիքյանը, վաճառական էր: Նա մեծ կարողության տեր անձ էր և իր որդուն` Նուբար Նուբարյանին (1825-1899), կրթության տվեց Եվրոպայում: Նուբարը դպրոց է հաճախել Շվեյցարիայում: Նրա դասընկերն էր Ֆրանսիայի ապագա կայսր Նապոլեոն Գ: Մեծ հարստություն կուտակելով և բարձրանալով պաշտոնական աստիճանասանդղակով` Նուբար Նուբարյանը հետագայում դարձավ Եգիպտոսի վարչապետ: Հասարակական բարձր դիրքի հասնելով` Նուբար Նուբարյանը չմոռացավ և չուրացավ իր ծագումը: Կյանքի մայրամուտին նա խոստովանել է. ՙԿյանքս նվիրեցի Եգիպտոսին, բայց օտար երկրի մեջ իմ գործունեությունը երբեք ինձ չմոռացրեց որ հայ եմ: Ընդամենը երկու-երեք բան եմ արել ցեղիս համար, բայց դրանք իմ կյանքի ամենակարևոր գործերն էին՚: Հոր արժանի հետնորդն էր որդին…

Պողոս Նուբարը ծնվել է 1846 թվականի օգոստոսի 2-ին Կոստանդնուպոլսում:

Պողոս Նուբարն էլ կրթություն է ստացել Եվրոպայում. նախ Շվեյցարիայում, ապա` Փարիզի Կենտրոնական դպրոցում` ստանալով ճարտարագիտական կրթություն: Ստանալով մասնագիտական որակավորում` Պողոս Նուբարը սկզբնական շրջանում աշխատում է Ֆրանսիայում` նախ հանքերում որպես ճարտարագետ, ապա նաև երկաթուղում` այնտեղ կիրառելով իր մի քանի նորարարությունները: Այնուհետ Պողոս Նուբարը տեղափոխվում է Եգիպտոս և շնորհիվ հոր զբաղեցրած բարձր դիրքի` պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում այնտեղ. նախ եղել է Եգիպտոսի երկաթուղիների ընդհանուր տնօրենը, ապա` Ալեքսանդրիայում գտնվող Անգլիական երկրագործական ընկերության տնօրենը: Սակայն դրանով չի սահմանափակվել Պողոս Նուբարի աշխատանքային ոլորտը: Նա երկրագործությունից զատ զբաղվում էր շինարարությամբ, տրանսպորտով, ջրամատակարարման համակարգերով և այլն… Նա Եգիպտոսում մի քանի խոշոր ձեռնարկությունների հիմնադրման նախաձեռնողն ու այդ ձեռնարկությունների ղեկավարն էր:

Պողոս Նուբարի մասին ցավոք, քչերը գիտեն որ նա նաև գյուտարար էր. Դեռևս 1900 թվականին նա Փարիզի միջազգային ցուցահանդեսում Ոսկե մեդալ մրցանակի և Ֆրանսիական բարձրագույն` Պատվո լեգեոնի ասպետի խաչով է պարգևատրվել իր ստեղծած մեխանիկական գութանի (տրակտոր) համար: Մեծ հայորդին հետագայում ևս մի քանի եվրոպական մրցանակների արժանացավ իր գյուտերի համար: Մասնավորապես, 1906 թվականին Միլանի ցուցահանդեսում Ոսկե մեդալ նվաճեց, տարբեր տարիների պետական պարգևների արժանացավ Թուրքիայի, Եգիպտոսի, Բելգիայի կառավարությունների կողմից:

Քաղաքագետ լինելուց զատ Պողոս Նուբարը հայտնի է նաև որպես մեծագույն բարեգործ: Անհնար է թվարկել նրա բարեգործությունների ամբողջ ցանկը, բայց փորձենք համառոտ թվարկել մի քանիսը:

1904 թվականին Պողոս Նուբարը Տարոնի, ջարդերից տուժած բնակչությանը տրամադրեց 300 ոսկի: Ալեքսանդրիայի Աղքատախնամ հանձնախմբին ամեն տարի տրամադրում էր 100 ոսկի, ամեն տարի նույնքան ոսկի էր տրամադրում «Արև» օրաթերթին: Էջմիածնի կաթողիկոսությանը տրամադրեց 1000 ռուբլի, Կահիրեի Գալուստյան վարժարանի շինարարության համար` 16000 ֆունտ ստերլինգ: 1909 թվականին Ադանայի ջարդերի աղետյալներին տրամադրեց 20000 ոսկի, Հելիոպոլսի Նուբարյան վարժարանին տրամադրել է 4000 ոսկի, Բրյուսելում հիմնադրեց «Հայ ուսանողական Նուբարյան հիմնադրամը», տրամադրելով նրան 26000 ոսկի: Հիմնադրեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությանը, էական աջակցություն ցուցաբերեց 1926 թվականի Գյումրիի երկրաշարժից տուժածներին, Փարիզում բացեց Նուբարյան մատենադարանը: Օքսֆորդի համալսարանում 4000 ոսկի ներդրումով հիմնեց Հայագիտության ամբիոնը: Կնոջ մահից հետո` 1930 թվականին նա 15000 ոսկի նվիրաբերեց` Երևանում «Մարի Նուբար» ակնաբուժարանի կառուցման նպատակով…

1906 թվականին հայ մտավորական Երվանդ Աղաթոնի առաջարկով Պողոս Նուբարը հիմնեց «Հայ բարեգործական ընդհանուր միությունը» (Armenian General Benevolent Union): Ասել թե դա հաջողված ձեռնարկ է, նշանակում է ոչինչ չասել ՀԲԸՄ մասին: Իրականում այն հայ իրականության լավագույն ազգապահպան կառույցն է, որ երբևէ եղել է: Հայոց իրականության մեջ բարեգործությունը հազարամյակների պատմություն ունի: Պողոս Նուբարի այս նախաձեռնության նպատակը համահայկական խնդիրներ ունեցող հարցերը կարգավորելն է, միասնաբար լուծելը: Պետք է նշել նաև, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը համահայկական առաջին կառույցն է հայ իրականության մեջ:

1914 թվականից Պողոս Նուբարը ընտանիքով հաստատվեց Փարիզում:

Պողոս Նուբարն իր ձեռնարկներով այնքան սիրելի էր հայ ժողովրդին, որ սիրելի ժողովուրդը նրան փաշա անունով մեծարեց:

Նա միաժամանակ սիրված ամուսին էր: Պողոս Նուբարի կինը Պոլսի հայկական նշանավոր Տատյան գերդաստանից էր` Մարի Նուբարը: Նա նուրբ ու քնքուշ հոգու տեր անձնավորություն էր, ով իր բարեգործություններով հետ չէր մնում ամուսնուց: Մարի Նուբարի բարեսրտության և բարեգործությունների մասին ժամանակակիցները բազում ավանդույթներ ու պատմություններ են ավանդել: Պողոս Նուբարն ու Մարին սիրում էին միմյանց անսահման սիրով: Նրանց գեղեցիկ սիրո պատմության մասին պահպանվել է նամակագրությունը, ուր գողտրիկ ու քնքուշ զգացումներ են ամփոփված միմյանց անսահման սիրող զույգերի մասին:

Հայ ազգի համար ամենաբախտորոշ ժամանակահատվածում Պողոս Նուբարն իրեն նետեց քաղաքական հորձանուտ. Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր ժամանակներ էին: Ցեղասպանությունից մազապուրծ հայության բեկորները ապաստանել էին Արևելյան Հայաստանում: Պատերազմը, սովը, ավերածությունները, համաճարակները հնձում էին մարդկանց: Եվրոպական պետությունները հայության խնդիրների վերաբերվում էին սոսկ իրենց գերպետական շահերից ելնելով: Դեռևս 1912 թվականին արևմտահայության շահերը պաշտպանելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի նախաձեռնությամբ կազմվում է Ազգային պատվիրակություն` քաղաքական ներկայացուցչական մարմին, որի խնդիրը հայության շահերի պաշտպանումն է: Ազգային պատվիրակության ղեկավար է նշանակվում Պողոս Նուբարը: Եվ Նուբարը գործի անցավ: Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող և հաջորդող միջազգային դիվանագիտական բոլոր վեհաժողովներում Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակությունը ակտիվորեն պաշտպանում է հայության շահերը…

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Պողոս Նուբարն իր օգնությունն առաջարկեց Խորհրդային Հայաստանի կառավարությանը: Նա առաջարկեց Երևանի շրջակայքում նոր գյուղ կառուցել` դրա համար տրամադրելով 100 հազար ԱՄՆ դոլար: Երախտապարտ ժողովուրդը այդ թաղամասն իր զավակի անունով կոչեց Նուբարաշեն և հանգանակեց ևս 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Սակայն խորհրդային երախտամոռ կառավարությունը գյուղին Նուբարաշենի փոխարեն 1937 թվականին տվեց Սովետաշեն անվանումը: Առհասարակ, Պողոս Նուբարը պատրաստակամ էր աջակցել իր հովանավորյալի` Ալեքսանդր Թամանյանի բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին:

Մեծ Բարերարն ու Մեծ Հայը ավանդեց հոգին 1930 թվականի հուլիսի 26-ին»: