ԱՄՆ իշխանությունները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաների առցանց անվտանգությանը՝ կոչ անելով նոր օրենքներ ընդունել, որոնք կկարգավորեն գաղտնիության հարցերն ու երեխաներին ցուցադրվող գովազդները:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազների կոալիցիան սկսել է ուսումնասիրել TikTok-ի ազդեցությունը երիտասարդների մտավոր և ֆիզիկական առողջության վրա: Կառավարությունում ցանկանում են պարզել՝ արդյո՞ք TikTok-ի առաջխաղացման մեթոդներն ու աշխատելաոճը բացասաբար են ազդում երեխաների, դեռահասների և երիտասարդների առողջության վրա։ TikTok-ի ալգորիթմները շատ արագ «բացահայտում» են յուրաքանչյուր օգտատիրոջ նախասիրությունները և որոշում են, թե ինչ բովանդակության հոլովակներ պետք է ցուցադրել նրան։ Ալգորիթմն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Թեև ընկերությունն ընդհանուր պատկերացում է տալիս ալգորիթմի աշխատանքի մասին, սակայն չի բացահայտում բոլոր նրբությունները։ Հետաքննությունը կկենտրոնանա TikTok-ի այն «մեթոդների և հնարքների» վրա, որոնք ուղված են «ավելացնելու երիտասարդ օգտատերերի ներգրավվածությունը, ներառյալ հարթակում անցկացրած ժամանակը»:
2019 թվականին TikTok-ն արդեն իսկ 5,7 միլիոն դոլար է վճարել FTC-ին այն պատճառով, որ իրեն նախորդող Musical.ly-ն անչափահաս երեխաների ծնողներից թույլտվություն չէր ստացել՝ հավելվածի օգտագործման համար: Արդյունքում, հանրության պահանջով TikTok-ը բովանդակության խիստ սահմանափակումներ մտցրեց 13 տարեկանից ցածր երեխաների համար։ Այնուամենայնիվ, չնայած օգտատերերի հսկայական քանակության՝ TikTok-ի պոտենցիալ ազդեցությունը հոգեկան առողջության վրա ուսումնասիրող հետազոտությունները դեռևս շատ քիչ են։
Հետաքննությունը կարող է ազդել ոչ միայն TikTok-ի վրա, այլև այլ սոցիալական ցանցերի, ինչպիսիք են Meta-ն և Snapchat-ը, որոնք կարճ տեսահոլովակների ձևաչափի իրենց տարբերակները մշակելու հարցում հիմնվել են TikTok-ի վրա։ Ըստ Meta-ի տվյալների՝ դեռահասները ավելի քան երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում TikTok-ում, քան Instagram-ում, իսկ Android-ի օգտատերերը ԱՄՆ-ում ավելի շատ ժամանակ են հատկացնում TikTok-ին, քան YouTube-ին:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը