«Մոտ 4 րոպե կապույտ ջուր հոսեց, հետո ջուրը պարզեց». Քաղցրաշենում ծորակից կապույտ ջուր հոսելու պատճառը դեռ հայտնի չէ. news.am
Advertisement 1000 x 90

«Մոտ 4 րոպե կապույտ ջուր հոսեց, հետո ջուրը պարզեց». Քաղցրաշենում ծորակից կապույտ ջուր հոսելու պատճառը դեռ հայտնի չէ. news.am

Պետիկ Հակոբյանի տունը Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի այն տներից մեկն է, որտեղ մարտի 13–ին նկատել էին, որ ծորակից կապույտ ջուր է հոսում։

«Կինս ուզում էր ամանները լվալ, երբ բացեց ծորակը, նկատեց որ հոսող ջուրը կապույտ է։ Մոտ 4 րոպե կապույտ ջուր հոսեց, հետո ջուրը պարզեց։ Էդ ընթացքում ջուրը փրփրում էր, մի տարայի մեջ ջուր լցրեցի, որ հարեւաններին ցույց տամ, զգուշացնեմ հանկարծ չխմեն»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Պետիկ Հակոբյանը։

Պռոշյան փողոցի ոչ բոլոր տներում է ծորակից հոսող ջուրը կապույտ եղել։ Պետիկ Հակոբյանի խոսքով՝ մոտ տասը բնակարաններում են նկատել նման խնդիր։ Հարեւաններով որոշել են կանչել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որ պարզվի, թե ինչ հանգամանքներում է ջուրը կապտել։

«Բոլորիս տանն էլ երեխա կա, վախենալու էր, Աստված չաներ թունավորում լիներ, բոլորս էլ մտահոգված էինք։ Հարեւաններից զանգեցին «Վեոլիա Ջրին, եկել են նմուշները վերցրել, որ պարզեն, թե ինչու է ջուրը կապույտ դարձել։

Փողոցի վերեւի հատվածում ջուրը մաքուր էր, դե ջուրը վերեւից որ իջնում է, ներքեւի հատվածում է խտանում։ Մենք չհասկացանք, թե ինչից կարող էր նման բան լինել»,–  ասաց Պետիկ Հակոբյանը։

«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, թե առայժմ հստակ տեղեկություն չկա՝ ինչու էր կապույտ ջուր հոսել ծորակներից։

«Մեր լաբորատորիայում նման քիմիական անալիզ անելու հնարավորություն չկա։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը նույնպես չուներ այդ հնարավորությունը, եւ ջրի նմուշն ուղարկվել է հատուկ մասնագիտացված լաբորատորիա, որը կտա այն հարցի պատասխանը, թե ինչ հեղուկ էր։

Քաղցրաշենից վերցրած ջրի նմուշի որակը եղել է պահանջներին համապատասխանող։ Մնացորդային քլորի  պարունակությունը համապատասխանել է նորմային, մենք լավ ջուր ենք տվել։

Մենք ենթադրություն ունենք, որ տներից մեկում եղել է պղնձարջասպի լուծույթ, որով խաղողի վազերը սրսկել են գարնանային աշխատանքների ժամանակ։ Չի բացառվում, որ թյուրիմացության արդյունքում, ոչ միտումնավոր, տներից մեկից էդ ջուրը ներթափանցել է փողոցի այդ հատվածի այլ տներ» ,– նշեց Մուրադ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին, արտակարգ դեպք էր  տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 19։00-ի սահմանում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի Պռոշյան փողոցի մի քանի տների ծորակներից կապույտ ջուր է հոսում։

news.am