Հանգանակություն Հայրենիքի փրկության համար
Advertisement 1000 x 90

Հանգանակություն Հայրենիքի փրկության համար

Մի օր ինձ ներկայացան երկու մարդ եւ մեծ գաղտնապահությամբ հաղորդեցին, թե Հայաստանի ազատության համար են գործում, պահանջեցին հանուն ազգային գործի փող հավաքել իրենց համար, որպեսզի կարողանան Պարսկաստանի վրայով տանել Վան, հասցնել Խրիմյանին։

Առաջին անգամն էր, որ ես մտցվում էի «ազգային հանգանակության» գործի մեջ։ Խոստացա «մի բան անել», ինչպես սովորական է ասել այդպիսի դեպքերում, բայց հաջողություն չունեցա։ Միայն իմ մոտիկ ընկերներից մի երկուսին կարողացա համոզել, որ մի քանի ռուբլի տան։

Իսկ երկու անծանոթները գրեթե ամեն օր գալիս էին ինձ մոտ իմանալու հավաքված գումարի չափը եւ դժգոհություն էին հայտնում ինձ, որ լավ չեմ աշխատում «ազգային գործի» համար։

Ձանձրացած այդ կոպիտ մարդկանց հանդիմանություններից` ես վճռեցի ինձանից տալ պակասը։

«Ազգային գործիչները» հետզհետե պակասեցրին իրենց պահանջած գումարը, բայց եւ այնպես պակասն այնքան մեծ էր իմ միջոցների դիմաց, որ ես մնացի կատարելապես անկարող դրության մեջ։ Ես հեռագրական պաշտոնյա էի եւ ստանում էի ռոճիկ ամսական 20 ռուբլի 54 կոպեկ, իսկ շլինքիս ընկած էր հորս որբերին ապրեցնելու լուծը։

Ի՞նչ անեմ։ Ճարահատյալ սկսեցի սակարկություն անել Հայաստանի անունով ինձ վրա բեռնացածների հետ։ Համաձայնվեցինք վերջապես 20 ռուբլու վրա, եւ ես, ինչպես ասվում է, իմ մսից կտրելով՝ տվի ինձ համար բոլորովին անհնարին մի գումար՝ 10 ռուբլի, եւ օձիքս ազատեցի։ Նրանք հավատացրին, թե մյուս օրը ճանապարհվում են Թավրիզ։

Բայց ի՞նչ ճանապարհ, ի՞նչ Թավրիզ։ Մյուս օրվանից նրանք տեղափոխվեցին մի գինետուն, որ իմ ճանապարհի վրա էր գտնվում, եւ սկսեցին կամաց-կամաց անուշ անել իմ ազգասիրական տուրքը։ Իմ անցնելուս նրանք ինձ էին նայում, եւ նրանց երեսի վրա չէր շարժվում եւ ոչ մի մկան, կարծես բոլորովին անծանոթ էին ինձ։

Հասկացա, որ զոհ եմ դարձել խաչագողության։ Այնքան զզված էի, որ ավելորդ համարեցի որեւէ մեկին պատմել իմ խաբվելը։ Միայն հաստատ խոսք տվի ինձ՝ այլեւս հանգանակություն չձեռնարկել․․․

ԼԵՈ

1885 թ․

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր