Shamshyan.com-ը մարտի 13-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում 73-ամյա վարորդի կողմից Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչներ՝ մոր ու որդու վրաերթի ենթարկելու մասին։
Հրապարակման մեջ նշված էր, որ վրաերթի ենթարկվածները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով, ինչի մասին Shamshyan.com-ի թղթակցին տեղում հայտնել էին քաղաքացիները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, ով այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ու ճիշտ կողմնորոշվելով՝ նախ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերում վրաերթի ենթարկվածներին, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրանց կյանքը։
Երեխան գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում ու հիվանդանոցից հայտնել են, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը հաստատ փրկել չէր լինի։ Հիմա նրանք գտնվում են կայուն վիճակում։
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած պահը՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխային ու մորը հիվանդանոց տեղափոխած Կ. Ավագյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է։