Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են մարտի 13-ին Քաղցրաշեն գյուղի մի քանի տներում ում և ինչի հետևանքով է խմելու ջուրն աղտոտվել, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Նույն օրը մարզի ոստիկանապետի հանձնարարականով ոստիկանության Արտաշատի բաժնում ջրերի աղտոտման փաստով նյութեր էին նախապատրաստվում ու սկսվել էին աշխատանքներ՝ պարզելու համար պատճառը:
Այսօր՝ կեսօրին, Արտաշատի ոստիկանները խմելու ջրերն աղտոտելու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Աղասի Ո.-ին, ով փաստերի ճնշման տակ, այնուհետև ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մարտի 13-ին ինքը խմելու ջրի ծորակին է միացրել պոլիէթիլենային խողովակը, որպեսզի իրեն պատկանող բեռնատարի վրա ամրացրած մեկ տոննա կշռով տարայի մեջ ջուր լցնի՝ բուժանյութի փոշին ջրին խառնելու նպատակով:
Սակայն ջուրը կտրվել է և իր անփութության հետևանքով տարայի մեջ գտնվող բուժանյութը պոլիէթիլենային խողովակատարով անցել է խմելու ջրի գլխավոր ջրատար, որտեղից էլ այն հոսել է մի քանի տների ծորակներից:
Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան, մեկ տոննա կշռով ցիստեռնը, որը տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Աղասի Ո.-ն բաց է թողնվել: Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննությունը շարունակվում է: