Ռուսաստանում Instagram-ին կփոխարինի «Rossgram»-ը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում Instagram-ին կփոխարինի «Rossgram»-ը

Ռուսաստանում նախատեսում են շուտով գործարկել «Rossgram» սոցիալական ցանցը՝ Ռուսաստանի Դաշնությունում արգելափակված Instagram-ի անալոգը։ Այս մասին հայտնում է «Spletnik.ru» լրատվականը։

Պաշտոնական կայքում արդեն հայտնվել է նոր հարթակի մասին առաջին տեղեկությունը։ «Rossgram»-ի մշակողները ձեռնարկատերեր Կիրիլ Ֆիլիմոնովն ու Ալեքսանդր Զոբովն են: Վերջիններս իրենց անվանում են VKontakte-ի համահիմնադիր և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դասընկերներ։

2022 թվականի մարտի 28-ին Instagram-ի ռուսական անալոգը կթողարկվի Android-ի և iOS-ի համար սովորական ֆունկցիոնալությամբ և բջջային հավելվածներով։ «Rossgram»-ը կունենա նաև օգտատերերի համար դրամայնացման լրացուցիչ գործիքներ՝ վճարովի մուտք դեպի բովանդակություն, դրամահավաքի գործառույթ (քրաուդֆանդինգ), ուղղորդման ծրագիր և այլն:

«Հենց հիմա դուք հնարավորություն ունեք դառնալու հատուկ արտոնություններ ունեցող առաջին օգտատերերը։ Նախ, մուտքը բաց կլինի լավագույն բլոգերների և գործընկերների համար: Սովորական օգտատերերի համար մուտքը կբացվի 2022 թվականի ապրիլին», — ասվում է նոր հարթակի կայքում։