ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայողը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատասեված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: