Լոռու մարզում, մարտի 20-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։
Ոստիկաները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի և ևս 1 անձի միջև։ Կայքի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։
Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. և Վ. Մաթևոսյաններին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։