Վերջին օրերին աննախադեպ ձյան տեղումներ են եղել, աննախադեպ են եղել նաեւ քամիները, գրեթե ողջ Հայաստանի տարածքում ձնաբքերը: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ի Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը:
«Դրա հետեւանքով առաջացել են բարդություններ որոշ ճանապարհների սպասարկման առումով: Ձնաբքի, առատ տեղումների պատճառով հատկապես ոլորաններում ունեցել ենք ճանապարհների փակման անհրաժեշտություն, քանի որ տեխնիկան չէր կարողանում առաջ գնալ եւ աշխատել: Անգամ եթե տեխնիկան աշխատում էր, զուգահեռաբար ճանապարհը նորից փակվում էր: Առավել առատ տեղումներ եւ ձնաբուք նկատվել է Սյունքում, Վայոց Ձորում, Լոռիում, Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Կոտայքում»,-ասաց նա:
Գոռ Մարգարյանը կոչ արեց վարորդներին հետեւել իրենց տարածած տեղեկատվությանը եւ ենթարկվել ՃՈ աշխատակիցներին. «Մեր աշխատակիցները ՃՈ աշխատակաիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ժամանակ շտ են բախվում իրավիճակներին, երբ ոստիկանությունը չի կարողանում ճանապարհը փակել, չեն ենթարկվում ոստիկանությանը: Իրենց թվում է, որ այնտեղ, որտեղ փակ է, դրանից հետո էլ ճանապարհը նույնպիսին է, չենթարկվելով գնում են առաջ, տեսնում են, որ անանցանելի է ու դա դառնում է բարդություն թե ոստիկանության համար, թե փրկարարների հետ, թե ճանապարհը մշակող կազմակերպությունների համար»: