Այսօր կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ, հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ էլ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ամբողջական տվյալները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: