ՀՀ քննչական կոմիտեիԵրևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:55-ին և ապրիլի 2-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» և «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 25 և 24-ամյա բնակիչներ:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակային հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի նմանվող հետքեր և 9մմ տրամաչափի ատրճանակի կրակված պարկուճ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով : Երիտասարդները ճանաչվել են տուժող:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։
Ստացված տվյալներով՝ 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և հիվանդանոց տեղափոխված երիտասարդների միջև, որի ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրվել հիշյալ երիտասարդների նկատմամբ. մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, 9մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից կրակոց է արձակվել երիտասարդներից մեկի ուղղությամբ, իսկ տուժած մյուս երիտասարդի ձախ ազդրին հարված է հասցվել սուր կտրող-ծակող գործիքով:
ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, և դեպքից ժամեր անց նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական ամնհրաժեշտ այլ գործողություններ՝ առգրավել են դեպքի պահին տուժողների և կասկածյալների հագին եղած հագուստները, որոնց վրա զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու, ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: