Կրակոցներ Երևանի կենտրոնում. հրազենային վնասվածքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ և գնդակ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանի կենտրոնում. հրազենային վնասվածքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ և գնդակ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում է ստացել: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից: Ոստիկանները հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր, որտեղ նրանց են միացել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի և ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ մի քանի քննիչներով, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Նույն վաշտի պարեկներ Ստեփան Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանն ու Մնացական Մելքոնյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն քննիչներն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործություան գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հայտնաբերելու համար արդեն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում:

Հայաստանից դուրս մեկնող օդային և ցամաքային սահմանները կասկածյալի համար արդեն փակ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com