ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախօրեին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, ՀՀ ոստիկանության աշխատակիցը 2022թ. ապրիլի 3-ին զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով, նույն օրը ժամը 19:50-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար կանգնեցրել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը մոտեցել է նշված ավտոմեքենային և ներկայացել, որից հետո վարորդը վերջինիս հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ ցուցաբերելով անվայել պահվածք: Այնուհետև նշված ոստիկանի կողմից վարորդին՝ ոստիկանության ավտոմեքենան նստեցնելու ժամանակ, վերջինս շարունակել է հայհոյանքներ հնչեցնել նրա և ոստիկանության մյուս աշխատակիցների հասցեին, դիմադրել, քաշքշել, հրել է ոստիկաններին, այդ ընթացքում հարվածներ հասցրել նրանցից մեկի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանության չորս աշխատակիցներ տուժող են ճանաչվել, առգրավվել են վերջիններիս հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 22:30-ին, 43-ամյա վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: