
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
«Արմենպրես»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ ՍԱՏՄ-ից տեղեկացրին, որ ամենայն հավանականությամբ կլինի որոշում խանութներից Գերմանիայից ներկրված ապրանքախմբի հետքաշման մասին: Ինչ վերաբերում է ՌԴ-ից ներկրված ապրանքախմբին, ապա ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ այդ արտադրանքի հետ, ըստ էության, խնդիր չկա, պարզապես հավելյալ ստուգում է կատարվում:
Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։